Հուլիսի 25-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելել է Գուրջաանի շրջանի Ջիմիթ գյուղ, որտեղ անցկացվում են «Գայլային դաշտ-2015» հետախուզական դաշտային վարժանքները։ Խիդաշելին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեի հետ այցելել է դաշտային ճամբարի շտաբ, վարժանքների մասին մանրամասն տեղեկություններ ստացել, այնուհետև ներկա եղել վաշտի վարժանքներին, զրուցել ներգրավված զինծառայողների հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բանակն անընդհատ պատրաստության մեջ է ու այս զորավարժությունը դրա հաստատումն է։ Մեր զինծառայողներն ամեն օր տարբեր վայրերում և ռազմաբազաներում զորավարժությունների են մասնակցում»,— ասել է Խիդաշելին։
Հետախուզական վարժանքները մեկնարկել են հուլիսի 22-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 31-ը։ Մասնակցում են հետախուզական վաշտերի զինծառայողներ։ Վերջիններս վարժանքների ընթացքում անցնում են հետախուզական, մարտավարական, քարտեզագրության, բժշկական և ինժեներական պատրաստություն։
ՊՆ մամուլի ծառայության հրապարակած նկարներից երևում է, որ վարժանքներին ներգրավված են նաև թուրքական արտադրության «Կոբրա» զրահապատ մեքենաներ և ամերիկյան UH-1Н «Իրոկեզ» բազմանպատակային ուղղաթիռ։
Թինաթին Խիդաշելին ներկա է եղել նաև զորավարժության ժամանակ անցկացված սպորտային մրցումներին (բազկամարտ և ըմբշամարտ), պատվոգրեր հանձնել հաղթողներին։