Հնդկաստանն ուժեղացրել է Պակիստանի հետ սահմանի վերահսկողությունը

Հնդկաստանի իշխանությունն ուժեղացրել է Պակիստանի հետ սահմանի վերահսկողությունն այսօր՝ հուլիսի 27-ին, ոստիկանական բաժանմունքի և ավտոբուսի վրա  ահաբեկչական հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է բրիտանական Ռոյթերս լրատվական գործակալությունը։

Հնդկաստան-Պակիստան սահման

Հնդկաստան-Պակիստան սահման

4 զինված անձինք հարձակվել են ավտոբուսի վրա, այնուհետև Պենջաբ նահանգի Դինա-Նահար քաղաքում տեղակայված ոստիկանական բաժանմուքնի վրա, որը սահմանակից է Պակիստանին։ Հարձակման ժամանակ զոհվել է 6 հոգի, ևս 7-ը վիրավորվել են, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից։

Միջադեպից հետո Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնաթխ Սինգհը հրամայել է հնդկական սահմանապահ ոստիկանությանն ուժեղացնել վերահսկողությունը Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին Ռաջնաթխ Սինգհը գրել է իր Twitter-ում։

Միջադեպի հետևանքով զոհի և տուժածների վերաբերյալ հավելյալ տեղեկություն դեռևս չկա։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի լարվածության պատճառը Քաշմիրի շրջանն է։ Հնդկաստանի ու Պակիստանի «Քաշմիրյան հակամարտությունը» սկսվել է 1947թ.-ից։ 1947-1949 թթ. պատերազմի արդյունքում Հնդկաստանը սկսել է վերահսկել Քաշմիրի տարածքի մոտ 2/3-ը, մնացյալը հսկում են պակիստանյան ուժերը։ Քաշմիրի պատկանելության խնդիրը չի լուծվել նաև 1965-1971 թթ. պատերազմից հետո։

Երկու պետությունների հարաբերությունների սրացումը 1999-ի մայիսին կրկին հանգեցրեց պատերազմի (հայտնի է «Կարգիլյան պատերազմ» անունով)։ Մոտ հազար պակիստանցի զինյալներ անարգել անցան սահմանագիծը՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևոր նշանակության բարձունքների վրա։ Սակայն որոշ ժամանակ անց հնդկական զինուժին հաջողվեց հետ գրավել կորսված տարածքները։ Պատերազմն ավարտվեց նույն տարվա հուլիսին։

2002-ին կողմերը կրկին հայտնվել էին պատերազմական իրավիճակում։ Բաց դաշտում առճակատումից այնուհանդերձ խուսափեցին, չնայած որ երկու կողմն էլ իր զորքերը մոտեցրել էր սահմանին։

2014-ի մայիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել էր իր պակիստանյան պաշտոնակից Նավազ Շարիֆի հետ։ Այս հանդիպումից հետո շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Սակայն հուլիսի 16-ին փոխհրաձգությունները վերսկսվեցին։ Մեկ օրում սպանվեց 1 հնդիկ զինծառայող, 2 պակիստանցի զինվոր, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վիրավորում ստացան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *