Իրաքը սպառնում է Թուրքիային՝ մեղադրելով մաքսանենգության մեջ

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այսօր Իրաքի կառավարության խոսնակ Ալի ալ Դեբբաղը զգուշացրել է Թուրքիային՝ դադարեցնել Իրաքի օդային տարածքը խախտելու դեպքերը, և նշել, որ Թուրքիան նպաստում է նավթային մաքսանենգությանը:

Այս հայտարարությանը նախորդել են մի քանի իրադարձություններ, որոնք, թուրքական որոշ լրատվակայքերի կարծիքով, կապ ունեն նավթարտահանման հետ:

Իրաքի քաղաքացիական ավիացիայի կենտրոնը գիշերը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Իրաքը փակել է իր օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար: Թուրքական 2 ինքնաթիռներ մնացել էին Էրբիլի միջազգային օդանավակայանում: Էրբիլ-Ստամբուլ, Էրբիլ-Անթալիա և Էրբիլ-Անկարա չվերթներն իրականացնող ինքնաթիռները 6 ժամից ավելի չեն կարողացել վայրէջք կատարել նաև Բաղդադ, Մոսուլ, Նեջեֆ, Բասրա և այլ քաղաքներ: Այնուհետև Իրաքի Քաղաքացիական ավիացիայի կենտրոնը հայտարարել էր, որ տարվում են աշխատանքներ՝ օդանավակայանների աշխատանքները կարգավորելու համար:

Իրաքյան կողմը որպես խափանման պատճառ նշել էր քամու հետևանքով ռադարների վնասումը:

Ժամեր անց միայն օդուղիները բացվել են: Էրբիլի և Բաղդադի օդանավակայանների աշխատանքները վերսկսվել են և իրականացվել են թուրքական օդանավերի թռիչքներն ու վայրէջքները:

Նշենք, որ Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև կնքվել է համաձայնագիր, որով Թուրքիան իրավունք է ստանում նավթ արտահանել Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա: Սա խորը անհանգստությունների տեղիք է տալիս Իրաքի կենտրոնական կառավարությանը, և կարծիք կա, որ հենց սա է իրաքյան ռադարների աշխատանքի «խափանման» պատճառը:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այսօր հայատարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից դեպի Թուրքիա նավթի ներկրմամբ զբաղվելու է մասնավոր սեկտորը:

Ներկայումս Թուրքիան ձգտում է օգտվել Իրաքի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև առկա տարաձայնություններից և ավտոցիստեռններով ներկրել «քրդական նավթ»: Սկզբնական փուլում Թուրքիան նախատեսում է Հյուսիսային Իրաքից օրական ներկրել 15,000 բարել նավթ: Սակայն Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել միայն այդքանով. նա անգամ պլանավորել է մինչև 2013 թվականը նոր նավթամուղ կառուցել դեպի Հյուսիսային Իրաք:

Սակայն պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանելու թուրքական այն ընկերությունների նկատմամբ, որոնք նավթագազային համաձայնագրեր կստորագրեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ՝ առանց Իրաքի կենտրոնական կառավարության համապատասխան թույլտվության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *