Արդեն 14 տարի շարունակվող պատերազմին վերջ տալու համար Աֆղանստանի իշխանություների և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 30-ին Չինաստանում։ Այս մասին հուլիսի 24-ին ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է Աֆղանստանի՝ ապստամբների հետ բանակցությունների համար պատասխանատու մարմնի՝ Խաղաղության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Մոհամմադ Իսմալի Քասիմյարը։
Վերջինս հավելել է, որ առաջիկա օրերին կճշտվի նաև բանակցությունների մասնակիցների ցուցակը և նշել, որ Չինաստանում կայանալիք բանակցությունների ժամանակ պաշտոնական Քաբուլն առաջարկելու է ժամանակավոր զինադադար, ինչը շատ անհրաժեշտ է խնդրի կարգավորման համար, քանի որ այս տարվա ապրիլից «Թալիբանը» նոր թափով է սկսել ահաբեկչական գործողություններ իրականացնել։
Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար պայքարող «Թալիբանի» հետ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը կայացել է հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իսկ մինչ այդ՝ մայիսի 3-ին, աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարել նաև Քաթարում: Այս դռնփակ բանակցությունները ձախողվել են, քանի որ «Թալիբանի» ներկայացուցիչները ոչ մի զիջման չեն գնացել և պահանջել են երկրից ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը:
Նշենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս դաշնակիցներն Աֆղանստանում պայքարում են «Ալ Քաիդայի» և «Թալիբան» շարժման դեմ, որոնք 1996-ից 2001 թթ. լուրջ դեր են խաղացել այս երկրի քաղաքական կյանքում: Դաշինքի ISAF առաքելության շրջանակներում Աֆղանստանում պայքարել են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից:
ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:
Հավելենք նաև, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինհեմը 2014-ի սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել էին անվտանգության պայմանագիր, որով ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:
Սակայն դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:
Pingback: «Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգի մի մասը | Ռազմ.info