Մտահոգում է ոչ թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, այլ դրա տեսականին. ՀՀ ՊՆ փոխնախարար

Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ մենք հասկանում ենք, որ կա ռազմավարական գործընկերություն, կան ազգային շահեր, բայց այստեղ մտահոգիչ է ոչ այնքան Ս-300 համակարգերի և Մի-17 ուղղաթիռների տրամադրումը, այլ հարձակողական սպառազինության տրամադրումը:

Ռուսաստանյան հեղինակավոր «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի» ղեկավարի հետ հարցազրույցի ժամանակ այսպես է մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը Ռուսաստանի՝ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու թեման: (Տեղին է նշել, որ այդ կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը վերջերս ընտրվել է «Ռուսաստանի զինագործների միության» գործադիր տնօրեն, և բացի այդ, ՌԴ ՊՆ-ին կից հանրային խորհրդի անդամ է):

Ադրբեջանին փոխանցված Տ-90 տանկերը։

Ադրբեջանին փոխանցված Տ-90 տանկերը։

«Տեսեք, թե ինչ սպառազինություն է փոխանցվել՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, Տ-90 տանկեր, ՄՏՈւ-90 տանկային կամրջադիրներ: Այս ամենը հարձակողական սպառազինություն է … Կան հասկացություններ՝ հակահարձակողական և հարձակողական գործողություններ, [որոնց] գլխավոր օպերատիվ նպատակը պատրաստված պաշտպանական բնագծերը ճեղքելն է: Իսկ այն սպառազինությունը, որ Ռուսաստանը փոխանցել է Ադրբեջանին, կետ առ կետ համընկնում է դրան», — ասել է Ալիկ Միրզաբեկյանը:

ՊՆ տեղակալը նշել է, որ Ադրբեջանը խախտում է ԵՍԶՈւ պայմանագիրը, և դա շատ է մտահոգում հայկական կողմին, բայց այստեղ մտահոգիչ է ոչ այնքան Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը, այլ վաճառված զենքի տեսականին: Այսինքն՝ ականազերծման մեքենաներ, տանկեր, հրանետներ, ահա սա է մտահոգում հայկական կողմին:

Հարցազրույցի ընթացքում Ալիկ Միրզաբեկյանն անդրադարձել է նաև հայկական զինված ուժերի զարգացման ծրագրին, հայկական ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինությունների արտադրության և արդիականացման խնդիրներին:

ԶՈւ զարգացման ծրագրի մասին խոսելով՝ փոխնախարարը նշել է, որ արդեն ավարտվում է 2010-2015թթ. զարգացման ծրագրի ժամկետը, և նախատեսվում է մինչև 2015 թվականի ավարտը հաստատել 2015-2020թթ. զարգացման ծրագիրը:

Ալիկ Միրզաբեկյանը նշել է, որ ռազմարդյունաբերության տեսանկյունից Հայաստանի ներուժը թույլ չի տալիս արտադրել այնպիսի լուրջ պլատֆորմներ, ինչպիսիք են տանկերն ու հետևակի մարտական մեքենաները, սակայն Հայաստանի նման փոքր պետություններում դրա կարիքը չկա էլ: Որպես ռազմարդյունաբերական արտադրանքի ստացված օրինակ՝ Միրզաբեկյանը նշել է հայկական անօդաչու թռչող սարքերը, որոնք զրոյից ստեղծվել են Հայաստանում: Փոխնախարարի խոսքով՝ հայկական ընկերություններն արտադրում են օպերատիվ և օպերատիվ-մարտավարական օղակի համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր: Մեկ այլ հաջողված օրինակ է լազերային հեռաչափերի արտադրությունը, որոնք իրենց մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում են Ռուսաստանում արտադրվող տարբերակներին:

Հայկական արտադրության «Կռունկ-25» հետախուզական անօդաչու թռչող սարք

Հայկական արտադրության «Կռունկ-25» հետախուզական անօդաչու թռչող սարք

Փոխնախարարը խոսել է նաև Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների հետ համատեղ գործող ձեռնարկությունների մասին, որտեղ նորոգվում ու արդիականացվում է հայկական զինված ուժերի սպառազինությունը: Այդ թվում Ալիկ Միրզաբեկյանը նշել է ուղղաթիռներ արտադրող ռուսաստանյան «Ռոսվերտոլ» ընկերության հետ համատեղ գործող ձեռնարկությունը, որը նախատեսված է ՀՀ ԶՈւ ավիացիոն տեխնիկայի նորոգման համար, ինչպես նաև ռուսաստանյան «ԿամԱԶ» և «ՈւԱԶ» ընկերությունների հետ համատեղ նորոգման ձեռնարկությունները:

Բացի այդ, ներկայում աշխատանք է տարվում նաև տանկեր և զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության հետ համատեղ ձեռնարկության ստեղծման համար: Փաստաթղթերը, փոխնախարարի պնդմամբ, արդեն պատրաստ են, սպասում են ստորագրման:

Ավելացնենք, որ ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի» պաշտոնական բլոգում Ալիկ Միրզաբեկյանի հարցազրույցից առայժմ հրապարակված են միայն հատվածներ:

One response to “Մտահոգում է ոչ թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, այլ դրա տեսականին. ՀՀ ՊՆ փոխնախարար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *