Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունված որոշուներից մեկով հեշտացվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրառումը: Կատարված փոփոխություններով կառավարությունը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը 64 մլն 610 հազարի փոխարեն կկազմի 94 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:
Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:
Փոփոխություններից հետո ֆինանսների նախարարությունը ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում երկու միլիոն դրամի չափով, ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով: Նախատեսվում է բարձրացնել նաև նույն պայմաններում հաշմանդամ դարձած զինծառայողներին հատկացվող միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարների չափերը:
Կառավարությունն ակնկալում է, որ որոշման ընդունման արդյունքում շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը կդառնա առավել պարզ, հստակ և արագ, կբարձրանա սոցիալական պաշտպանվածության մակարդակը, ինչպես նշվում է որոշման ընդունման հիմնավորման մեջ: