Օգոստոսի 1-ից 15-ն Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույթին մասնակցելու է 17 մասնակից, ինչպես նաև 6 դիտորդ պետություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևը, հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
«Ի տարբերություն անցած տարվա, այս տարի մասնակիցները 17-ն են։ Արտերկրից մասնակցելու է 57 թիմ, ավելացել են Տաջիկստանի և Նիկարագուայի թիմերը»,— հայտնել է Բուվալցևը։
Դիտորդ երկրներն են՝ Իրանը, Վիետնամը, Կորեայի հանրապետությունը, Մյանման, Թուրքմենստանը և Բրազիլիան։
«Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույթին մասնակցում են՝ Հայաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Վենեսուլայի, Քուվեյթի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Նիկարագուայի ր այլ պետությունների զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները։ ՌԴ ՊՆ-ից մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել շուրջ 34 պետություն:
«Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույթով փաստորեն առաջին անգամ միավորում են այնպիսի խոշորագույն մրցումներ, ինչպիսիք են՝ «Տանկային բիաթլոն», «Ավիադարտս» և մի քանի այլ մրցույթներ, որոնք մինչ այս անցկացվում էին առանձին-առանձին:
Այս տարի օգոստոսի 1-ին պաշտոանական բացմանը զուգահեռ կմեկնարկի նաև «Տանկային բիաթլոնը», որը կտևի մինչև օգոստոսոի 15-ը: Օգոստոսի 3-13 կընթանան «Ավիադարտս» (օդաչուների՝ ցամաքային թիրախներ խոցելու մրցույթ), «Կասպյան ծով-2015» (ՌԾՈւ մրցույթ, մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի թիմերը) և մյուս մրցույթները:
Տեղեկացնենք նաև, որ խաղերի ընթացքին հետևելու, ինչպես նաև խաղերի կարգը նկարագրելու համար ՌԴ ՊՆ կայքում բացվել է ինտերակտիվ բաժին։ «Միջազգային բանակային խաղեր-2015»-ի ընթացքին կարող եք հետևել հատուկ բացված ինտերակտիվ բաժնում։