Գեղամ Հարությունյանը խոսել է զորակոչի գործընթացի բարելավման մասին

«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծված հանձնաժողովի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ:
Խոսելով հանձնաժողովի նպատակների մասին՝ հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Հանձնաժողովի նպատակը մեկն է` նպաստել զորակոչի գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մթնոլորտի բարձրացմանը, զորակոչի գործընթացում օրինականության և արդարության սկզբունքների ապահովմանը: Այս 6 զորակոչերի ընթացքում հանձնաժողովը զգալի աշխատանք է կատարել: Ընհանուր առմամբ, մենք ստացել ենք 265 դիմում-բողոքներ: Հանձնաժողովի ստեղծմամբ` ի հայտ եկավ լրացուցիչ հնարավորություն` բողոքարկման մեխանիզմները զարգացնելու, ինչպես նաև զորակոչային գործընթացում հասարակական վերահսկողություն իրականացնելու համար»:

Անդրադառնալով վերջին զորակոչի ընթացքում ստացված 55 դիմում-բողոքներում արծարծված խնդիրներին՝ Գեղամ Հարությունյանը նշել է, որ ստացված դիմում-բողոքներից 44-ը զինակոչիկների առողջության, 4-ը` իրավական, մյուսները` ծառայության վայրի վերաբերյալ են: Դիմումները քննարկվում են զորակոչիկների և նրանց հարազատների մասնակցությամբ:

«Զորակոչը խիստ վերահսկվում է: Դա զգացվում է հատկապես կենտրոնական հավաքակայանում իրականացված բաշխման գործընթացում: Այս զորակոչի ընթացքում նոր կարգ է մտցվել ուսումնական զորամասերի համալրման հարցում, եթե նախկինում դրանք համալրվում էին Կենտրոնական հավաքակայանից, ապա այժմ բոլոր զորակոչիկներն ուղարկվում են իրենց մշտական ծառայության զորամասեր, որտեղից արդեն հրամանատարության ընտրությամբ կգործուղվեն ուսումնական զորամասեր և ուսումնառության փուլն ավարտելուց հետո կվերադառնան և ծառայությունը կշարունակեն իրենց հիմնական զորամասերում: Այս նորամուծությունը մի կողմից թույլ է տալիս բարձրաձայնել ուսումնական զորամասերի համար անձնակազմի ընտրության որակը, մյուս կողմից վերացնում է այլևայլ միջնորդություններ, որոնք ծագում էին ուսումնական զորամասերից զինվորներին հետագա ծառայության վայր բաշխման ժամանակ»,— հավելել է Գեղամ Հարությունյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *