2015թ. առաջին կեսին Թուրքիայի ԶՈւ-ն սահմանը խախտելու համար ձերբակալել է Չինաստանի 241 քաղաքացու

Թուրքիայի զինված ուժերը սկսել են տվյալներ տրամադրել Սիրիայի հետ սահմանին ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Ըստ դրանց՝ 2014-ին սահմանին գրանցվել է 5450 անօրինական սահմանախախտման դեպք, իսկ միայն 2015-ի 6 ամիսների ընթացքում՝ շուրջ 9 հազար դեպք։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ԶՈւ ԳՇ տրամադրած զեկույցը։

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Ըստ նույն տվյալների՝ 2014-ին գրանցվել է 2863 մաքսանենգության դեպք, իսկ միայն 2015-ի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 2900 դեպք։ 2014-ի ընթացքում 70927 մարդ փորձել է անօրինաբար հատել սահմանը, իսկ 2015-ի առաջին 6 ամիսների ընթացքում ձերբակալվել է շուրջ 54 հազար մարդ։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ նշված զեկույցում սահմանի անօրինական խախտման համար «օտարերկրյա ահաբեկիչների» ցուցակում չեն ընդգրկվել միայն Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քաղաքացիները։ 2014-ի համար նշվում է «օտարերկրյա ահաբեկիչ» համարվող 992 մարդ, իսկ 2015-ին՝ 468 մարդ։

Ձերբակալված ահաբկիչների թվաքանակն ըստ երկրների հետևյալն է. «241 Չինաստանի քաղաքացի, 56 Ռուսաստանի, 30 Պաղեստինի, 29 Թուրքմենստանի, 13 Մեծ Բրիտանիայի, 12 Ֆրանսիայի, 7 Աֆղանստանի և 6 Հարավային Կորեայի քաղաքացի»։ Հետաքրքրական է, որ 2015-ի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Սիրիայի սահմանին ձերբակալված 468 օտարերկրյա ահաբեկիչների կեսից ավելին եղել են Չինաստանի քաղաքացիներ։

Նշենք, որ վերջին տարիներին թուրք-չինական հարաբերությունները զգալիորեն սրվել են ույղուրներին (Չինաստանի հյուսիսում ապրող թյուրքական ցեղեր) կեղծ թուրքական անձնագրեր տրամադրելու հարցի շուրջ։ Այսպես՝ 20015-ի հունվարին տեղեկություն էր տարածվել, որ Չինաստանից փախած ույղուրները Թայլանդում հեշտությամբ ձեռք են բերում կեղծ թուրքական անձնագրեր, որոնց միջոցով անցնում են Թուրքիա, իսկ այնտեղից Սիրիա կամ Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու համար։

2015-ի մարտին «Անադոլուն» տեղեկացրել էր, որ դեռևս 2014-ի սեպտեմբերին Ինդոնեզիայում ձերբակալվել է կեղծ թուրքական անձնագրերով 4 ույղուր։ Հուլիսի 14-ին Սանհայի ոստիկանությունը կեղծ անձնագրերի միջոցով Չինաստանից անօրինաբար ույղուրների խումբ հանելու համար ձերբակալել էր Թուրքիայի 10 քաղաքացու։ Նշվում էր, որ այդ ույղուրները պետք է կեղծ անձնագրերի միջոցով անցնեին Աֆղանստան, Սիրիա և Պակիստան՝ ահաբեկչական խմբավորումների շարքերը համալրելու համար։

Հուլիսի 11-ին բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ չինական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հաղորդմամբ՝ ույղուրները հեշտությամբ թուրքական կեղծ անձնագրեր են ձեռք բերում հավարարևելյան Ասիայի երկրներում, իսկ այնուհետև համալրում են ԻՊ-ի շարքերը։

Հարկ է նշել, որ այս, ինչպես նաև ույղուրների անօրինական անձնագրեր ձեռք բերելու փաստն  ապացուցող տվյալները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ զեկույցում նշված Չինաստանի քաղաքացիները մեծամասամբ, կամ նույնիսկ ամբողջությամբ Չինաստանի՝ ազգությամբ ույղուր քաղաքացիներ են, որոնց հաջողվել է ահաբեկչական խմբավորմանն անդամակցել թուրքական կեղծ անձնագրերի շնորհիվ։

One response to “2015թ. առաջին կեսին Թուրքիայի ԶՈւ-ն սահմանը խախտելու համար ձերբակալել է Չինաստանի 241 քաղաքացու

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *