Վրաստանի ուժային կառույցներում կադրային փոփոխություններ են

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են։ Օգոստոսի 1-ից ՆԳՆ-ից առանձին ստեղծվելու է պետական անվտանգության ծառայություն, որի մասին օրենքն ընդունվել է հուլիսի 8-ին։ Նոր կառույցը ղեկավարելու համար վրաստանյան մամուլը շրջանառում էր 2 թեկնածուի անուն՝մեկը ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին էր, մյուսը՝ վարչապետին առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղար, «կադրային հետախույզ», նախկինում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԳՆ նախարար, պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԳՆ նախարար, պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին

Հուլիսի 20-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրեց Գոմելաուրիի թեկնածությունը կառույցը ղեկավարելու համար, իսկ հուլիսի 22-ին վերջինիս հաստատեց խորհրդարանը։ Թե ով է լինելու ներքին գործերի նախարարը, դեռևս հայտնի չէ։

Մեկ այլ հետաքրքիր կադրային փոխոխություն եղավ նաև հենց վարչապետին առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդում։ Ներքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, ով ղեկավարել է ՆԳՆ-ն 2013 թվականի նոյեմբերից մինչև 2015թ. հունվարը, նշանակվել է Մինդիա Ջանելիձեի տեղակալ։ Այն ժամանակ Չիկաիձեի հրաժարականից հետո ՆԳ նախարարի պաշտոնը տրվեց Վախթանգ Գոմելաուրիին, ով Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորի պետն էր։

Հավելենք, որ ստեղծվելիք նոր ծառայությունը, ըստ վրաստանյան կողմի տվյալների, հատուկ նշանակություն է ունենալու և ենթարկվելու է կառավարությանը։ Նշենք, որ այս կառույցը ստեղծվում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելու հաշվին։ Այդ իսկ պատճառով, կառույցի մեջ են մտնելու հակահետախուզության դեպարտամենտը, հակաահաբեկչության կենտրոնը, պետական անվտանգության ծառայությունը, հակակոռուպցիոն գործակալությունը և հատուկ գործողությունների դեպարտամենտը, որը կոչվում է նաև «Շավնաբադի ստորաբաժանում» (Շավնաբադը հատուկ գործողությունների դեպարտամենտի բազայի տեղակայման վայրն է):

ՆԳՆ-ի կազմում են մնալու ոստիկանական ստորաբաժանումները՝ քրեական և պարեկային ոստիկանությունը, սահմանապահ ոստիկանությունը, ինչպես նաև պահպանության ոստիկանությունը (Department Of Security Police), արտակարգ իրավիճակների գործակալությունը։

Պետական անվտանգության ծառայությունը 2 գործառույթ է ունենալու՝ իր իրավասության շրջանակներում հանցագործությունների հայտնաբերում, կանխում, ինչպես նաև ակնկալվող սպառնալիքների, ռիսկերի, մարտահրավերների վերլուծություն։

Այս կառույցի աշխատանքը հիմնականում ուղղված է լինելու պետական անվտանգության, սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, գիտատնտեսական և ռազմական պոտենցիալի պաշտպանությանը։

2 responses to “Վրաստանի ուժային կառույցներում կադրային փոփոխություններ են

  1. Pingback: Վրաստանն ունի ներքին գործերի նոր նախարար | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանն ունի ներքին գործերի նոր նախարար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *