«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում հնարավոր է Ռուսաստանն Իրանին տրամադրի Ս-300ՊՄՈւ-2 կատարելագործված զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասի հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը Sputnik-ին հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում հաջողության հասնելու դեպքում Իրանը հնարավոր է կարողանա ձեռք բերել հակաօդային պաշտպանության էլ ավելի կատարելագործված համակարգեր, քան ռուսաստանյան Ս-300-ներն են։
Կորոտչենկոն ասել է, թե Իրանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը ենթադրում է, որ Իրանը ցանկանում է գնել Ս-300համակարգերի կատարելագործված տարբերակներից մեկը, և հավելել, որ Իրանն իր հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար ոչ թե մեկ կամ երկու Ս-300 պետք է գնի, այլ պիտի համալրի իր բանակը ռուսաստանյան արտադրության մեծ, միջին և փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգերով և համալիրներով։
Հավելենք, որ Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:
Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:
2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքերից կարելի էր ենթադրել, որ կողմերն արդեն նախնական պայմանավորվել են, որ Ռուսաստանն Իրանին Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի փոխարեն տրամադրելու է նույն քանակի Ս-300ՎՄ «Անթեյ-2500» համակարգեր (Ս-300 համակարգերի տարբերակ): Ինչպես երևում է վերջին հայտարարություններից, Իրանը դեռ չի կողմնորոշովում, թե ինչ համակարգերով է ցանկանում համալրել իր բանակը։