Չեչնիայում դարձյալ մարտական տագնապով ոտքի է հանվել հատուկ նշանակության գունդը

Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը մարտական տագնապով ոտքի է հանել ոստիկանության հատուկ նշանակության գունդը, որը կրում է Չեչնիայի այժմյան ղեկավար Ռամզան Քադիրովի հոր՝ Ախմատ Քադիրովի անունը։  Այս մասին հուլիսի 22-ին Instagram սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռամզան Քադիրովը, հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ստուգումներ անելիս

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ստուգումներ անելիս
Նկարը՝ ТАСС գործակալության

Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 15-ին, Չեչնիայի ղեկավարն ինքն էր մարտական տագնապով ոտքի հանել հատուկ նշանակության ստորաբաժանմանը՝ ստուգելով ուժայինների օպերատիվ-մարտավարական առաջադրանքներ կատարելու հմտությունները։

Ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելուց հետո Քադիրովը հատկապես շեշտել էր, որ Չեչնիան «չի եղել և չի լինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազա»։

«Մենք լսում ենք նրանցից (ԻՊ-ից-Ռազմինֆո), որ Հյուսիսային Կովկասում բացել են իրենց մասնաճյուղերը և որ իրենց գործունեությունն ընդարձակվում է։ Ես ուզում եմ հավաստել, որ այդ «անիծվածները» ոչնչի հույս չեն կարող ունենալ, և Չեչնիայի հանրապետությունում նրանց ո´չ բազա, ո´չ մասնաճյուղ և անգամ «հոտը» չի կարող լինել»,—հայտարարել էր Քադիրովը։

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև Դաղստանը, Չեչնիան, Կաբարդինա-Բալկարիան և մյուս հանրապետությունները, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն են դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *