Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Սիմրանպալ Սինգխ Բիրդին հաստատել է իրենց՝ Ռուսաստանից 48 միավոր Մի-17Վ5 բեռնատար ուղղաթիռ գնելու մտադրությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալութունը:
Ավելի վաղ Հնդկաստանի այս մտադրության մասին հայտնել էր հնդկական Economic Times պարբերականը՝ հավելելով, որ Ռուաստանին 48 միավոր Մի-17Վ5-ի դիմաց առաջարկվել է 1,1 միլիարդ ամերիկյան դոլար:
Բիրդին իր հայտարարության մեջ նշել է, որ ուղղաթիռներ գնելու մտադրությունը համապատասխանում է իրականությանը, սակայն գործարքի գնի և պայմանագրի մյուս մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չեն կարող տրամադրել:
ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրները հավելել են, որ Հնդկաստանին Մի-17Վ5-երի հերթական խմբաքանակ փոխանցելու գործարքի պայմանագիրը կստորագրվի 2016-ին:
Նշենք, որ Հնդկաստանը ռուսաստանյան ռազմարդյունաբերական արտադրանքի հիմանկանան սպառող պետություններից է: Միայն վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանը Հնդկաստանին է փոխանցել 121 միավոր Մի-17Վ5 բեռնատար ուղղաթիռ: Հնդկաստանի ՌՕՈւ-ն կիրառում է շուրջ 300 միավոր Մի-8 և Մի-17 բեռնատար ուղղաթիռներ:
Հավելենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5)-ը բազմաթիրախային ուղղաթիռ է։ Այն խորհրդային Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։
Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։
Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։