Հուլիսի 20-ին Ուկրաինայի արևմուտքում՝ Լվովի մարզի Յավորովսկի զորավարժարանում մեկնարկել են Saber Guardian/Rapid Trident – 2015 զույգ զորավարժությունները, որոնց մասնակցում են շուրջ 1800 զինծառայող 18 պետությունից, այդ թվում՝ Վրաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ձևաչափի շրջանակներում մասնակցում է վրաստանյան զինված ուժերի մեկ դասակ՝ ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտից (սա Վրաստանի այն ստորաբաժանումն է, որ անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հավաստագրում, իսկ այժմ ուժերի մաս դառնալու համար զինծառայողները հատուկ փուլեր են անցնում):
Իսկ շտաբային վարժանքներին ներգրավվել են ԶՈւ ԳՇ J-3 օպերատիվ պլանավորման դեպարտամենտի և Ռազմական կրթության և J-7 մարտական պատրաստության դեպարտամենտի սպաներ, ինչպես նաև «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնի 4-րդ մեխանիզացված բրիգադի և Հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ։
Ըստ վրաստանյան կողմի՝ սցենարով բազմազգ բրիգադը միասնաբար գործելու է անօրինական զինված խմբավորումների չեզոքացման նպատակով։ Վրաստանցի զինծառայողները դաշտային վարժանքների ընթացքում աշխատելու են ինքնաշեն պայթուցիկների հայտնաբերման և չեզոքացման, ինչպես նաև պարեկություն անելու սցենարով։
Հիշեցնենք, որ զորավարժությունը կազմակերպել է ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը։ Մինչև հուլիսի 31-ը տևող զորավարաժություններին ուկրաինական զինված ուժերից մասնակցելու է մոտ 800 հոգանոց անձնակազմ: Նույնքան անձնակազմ էլ մասնակցելու է մասնակից մյուս երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Մոլդովայից և Վրաստանից: Նշված երկրներից ամենամեծ անձնակազմը լինելու է ամերիկյանը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Ուկրաինայի և զորավարժություններին մասնակցող մյուս պետությունների անձնակազմերի համագործակցության աստիճանը:
Հավելենք նաև, որ զորավարժությունների անցկացման վերաբերյալ հուլիսի 20-ին իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վտանգի տակ է դնում Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումը»։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info