Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել է, որ 7 երկրներ իրենց համաձայնությունն են տվել Սիրիայի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթին: Դրանք են ԵՄ առևտրային գործընկերներ Նորվեգիան և Լիխտենշտեյնը, ԵՄ անդամության թեկնածու երկրներ Չեռնոգորիան, Իսլանդիան, Սերբիան և Ալբանիան ու Մոլդովան:
Այս պահին ԵՄ «սև ցուցակում» են Սիրիայի 128 քաղաքացիներ, այդ թվում` նախագահ Բաշար Ասադն իր ընտանիքով, պետական պաշտոնյաներ, գործարարներ: Նրանք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք, իսկ բանկային հաշիվները սառեցված են: Եվրոպական ընկերություններին արգելված է գործարար հարաբերություններ ունենալ սիրիական 43 ընկերությունների հետ, որոնց թվում են ազգային ավիաընկերությունները, կենտրոնական բանկը: Արգելված է նաև զենքի, նավթի, նավթամթերքի առևտուրը Սիրիայի հետ:
* * *
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քոֆի Անանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելությանն աջակցելու համար: Ինչպես հայտնում է Կրեմլի տարածած հաղորդագրությունը, Անանի կարգավորման ծրագիրը միակ կենսունակ լուծումն է, որը կարող է կարգավորել հակամարտությունը: Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր Ք. Անանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հետ: Իր հայտարարության մեջ Լավրովը շեշտել էր, որ սիրիական խնդիրը պետք է լուծվի այդ երկրի բնակչության կամքի համաձայն, իսկ միջազգային ուժերը պետք է ամեն ինչ անեն կողմերի քաղաքական երկխոսությանը նպաստելու համար:
* * *
Դամասկոսում շարունակվում են մարտական գործողությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև: Ինչպես առավոտյան հայտնել էին Սիրիայի ազատ բանակի ղեկավարները նրանց նպատակն է կառավարական ուժերի և պահակակետերի վրա անընդհատ հարձակումներով հասնել ընդհանուր անհնազանդության: Կառավարական զորքերը օգտագործում են զրահամեքենաներ և ուղղաթիռներ: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ կառավարական ուժերի կողմից ռուսական արտադրության զենքեր օգտագործելու մասին տեսանյութեր են տարածել:
Այլ աղբյուրներ, մասնավորապես ANNA-NEWS.info կայքը հայտնել է, որ Հալեպի մերձակայքում տեղակայված ապստամբներից առգրավվել են շվեյցարական արտադրության նռնակներ: Աղբյուրը, հղում անելով սիրիական պաշտոնական տեղեկատվության վրա, հայտնում է, որ Սիրիան 1998թ. առ այսօր զենք չի գնել Շվեյցարիայից: Փաստի մասին հաղորդվել է Շվեյցարիայի արտգործնախարարությանը, իսկ հետաքննությունը պարզել է, որ նռնակները վաճառվել են Արաբական Միացյալ Էմիրությանը: Ներկայումս, մինչև մանրամասների վերջնական պարզաբանումը, Շվեյցարիան սառեցրել է զենքի մատակարարումը ԱՄԷ-ին, հաղորդում է կայքը:
Թեև Ռուսաստանը և Չինաստանը դեմ են արտահայտվել Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Արևմտյան երկրների ներկայացրած նախագծին, այն չորեքշաբթի օրը դրվելու է քվեարկության: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Գրանտը:
Նախագիծը ենթադրում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի 41-րդ հոդվածի կիրառումը, որով նախատեսվում են տնտեսական և ֆինանսական խիստ պատժամիջոցներ կիրառել, եթե Սիրիայի իշխանությունները 10-օրյա ժամկետում չկատարեն Քոֆի Անանի ծրագրով նախատեսված պահանջները: Ըստ այդ ծրագրի` 5-օրյա ժամկետում պետք է դադարեցվի զորքերի տեղաշարժը բնակավայրերում, զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր բնակելի շրջաններից և տեղակայվեն զորանոցներում: Արգելվում է նաև ծանր տեխնիկայի և զրահամեքենաների օգտագործումը: Դրա փոխարեն 45 օրով երկարաձգվելու է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների մանդատը:
* * *
Հուլիսի 17-ին Դամասկոսի Միդան թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Սինհուա (Xinhua) գործակալությունը` հղում անելով սիրիական Sham FM իշխանամետ ռադիոկայանի հաղորդագրության վրա: Միդանը Դամասկոսի արևմտյան շրջաններից է, որտեղ մարտեր էին տեղի ունեցել ապստամբների և կառավարական ուժերի միջև:
* * *
ՌԻԱ-Նովոստի (РИА Новости) գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում գտնվող Սիրիայի հյուպատոսության շենքում, որի երրորդ հարկը գրեթե ամբողջությամբ այրվել է: Այնտեղ էր տեղակայված Սիրիայի հյուպատոսի աշխատասենյակը, և հրդեհի պատճառով ոչնչացել են բոլոր փաստաթղթերը և գույքը: Հրդեհի պատճառը դեռ վերջնականապես հայտնի չէ, սակայն սիրիական կողմը հակված է կարծելու, որ դա պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով: «Սիրիայում մեր հիմնական խնդիրը կրոնական արմատական կազմակերպություններն են: …Նրանք ամեն ինչի ունակ են: Այստեղ ևս այդ մարդկանց նշանները կան: Եթե այսօր այրել են տունը, ապա վաղը կարող են սպանություններ լինել»,- ղազախական KTK հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է Ղազախստանում Սիրիայի հյուպատոս Սամիր Դերեհը: