ԱՄՆ զինուժը սխալմամբ հարվածել է աֆղանական կառավարական ուժերին, կան զոհեր

Այսօր՝ հուլիսի 20-ի առավոտյան, ամերիկյան զինուժի երկու ուղղաթիռներ Աֆղանստանում սխալմամբ հարվածներ են հասցրել աֆղանական կառավարական ուժերի անցակետին, ինչի պատճառով սպանվել է առնվազն 8 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Washington Post լրատվակայքը:

Աֆղանստանի Լոգար նահանգը, որտեղ ամերիկյան զինուժի ուղղաթիռները սխալմամբ հարվածել են աֆղանական կառավարական ուժերին

Աֆղանստանի Լոգար նահանգը, որտեղ ամերիկյան զինուժի ուղղաթիռները սխալմամբ հարվածել են աֆղանական կառավարական ուժերին

Դեպքը եղել է երկրի մայրաքաղաք Քաբուլի հարավում ընկած Լոգար նահանգում, որտեղ ակտիվ են «Թալիբան» ահաբեկչական շարժման մասնակիցները: Նախնական տվյալներով՝ ամերիկյան ուղղաթիռների անձնակազմերը կառավարական ուժերի դիրքը շփոթել են հենց «Թալիբանի» ահաբեկիչների դիրքի հետ՝ չնայած, որ դիրքի վրա եղել է Աֆղանստանի դրոշը, ինչպես նշում է բրիտանական BBC լրատվակայքը:

Այլ տվյալներով, սակայն, զոհերի թիվը հասնում է 14-ի, ինչին ամերիկյան կողմն արձագանքել է, որ իրենք ներկայում քննում են միջադեպի մանրամասները, ինչպես հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքը:

Նշենք, որ ամերիկյան զինուժը Աֆղանստանի տարածքում տեղակայված է «Վճռական աջակցություն» առաքելության դրոշի ներքո, որը սկսվել է 2015-ի հունվարին՝ ISAF առաքելության ավարտից անմիջապես հետո: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:

2015-ի մայիսին ՆԱՏՕ-ն որոշել է  Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ավարտից հետո՝ 2016թ., անցնել քաղաքացիական ղեկավարմամբ խորհրդատվական առաքելության։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը 2015-ի մարտին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Աֆղանստանի իշխանությունները և իր երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որ ամերիկյան զորքերը շարունակեն տեղակայվել Աֆղանստանում։

Հիշեցնենք նաև, որ դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել է զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

Տեղին է նշել նաև, որ 2015-ի փետրվարին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2014-ի ընթացքում Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների հետևաքով տուժած քաղաքացիականների թիվը գերազանցել է 10 հազարը, որը 22 տոկոսով ավելի է՝ քան 2013-ին։ Զեկույցից պարզ է դառնում, որ 2014-ին զոհվել է 3,699, վիրավորվել՝ 6849 քաղաքացիական, սակայն, այս թվերը ևս կարող են չարտացոլել ողջ իրական պատկերը։

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Զեկույցում նշվում է, որ կորուստների մեծացումն ապացուցում է, որ Աֆղանստանի իշխանությունները միայնակ ի վիճակի չեն կանխել ահաբեկչական գործողությունները, և ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *