«Իսլամական պետություն» խմբավորման եգիպտական ճյուղը՝ «Սինայի վիլայեթ» խմբավորումը հուլիսի 18-ին հարձակվել է Եգիպտոսի Սինայի թերակղզու Շեյխ Զուվայդ քաղաքի սահմանային նույն անցակետի վրա, որի վրա հարձակում եղել էր նաև հուլիսի 1-ին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC լրատվակայքը:
Հարձակման արդյունքում սպանվել է Եգիպտոսի 5 զինծառայող, ինչի մասին հայտնել է խմբավորումը:

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը
Դրանից հետո՝ կիրակի օրը, Եգիպտոսի ուժայինները դիմել են հատուկ գործողությունների: Օդային հարվածների ու ցամաքային հարձակումների արդյունքում եգիպտացի ուժայինները ոչնչացրել են 59 ահաբեկչի: Ուժայինները ոչնչացրել են նաև իսլամիստների պահեստները, որտեղ պահվում էին նրանց պայթուցիկ նյութերի պաշարները: Այս մասին ամերիկյան Wall street journal լրատվակայքին տեղեկացրել է Եգիպտոսի զինված ուժերի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում իսլամիստ ծայրահեղականների գրոհած անցակետը հուլիսի սկզբին ևս մեկ հարձակման էր ենթարկվել: Հուլիսի 1-ին «Սինայի վիլայեթ» ահաբեկչական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ զինյալները 15 առանձին հարձակում են գործել, որոնցից երկուսի ժամանակ զինյալները պայթուցիկներով լիցքավորված մեքենաներ են պայթեցրել Ալ-Արիշ և Շեյխ Զուվայդ քաղաքներում:
Եգիպտոսի կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է շուրջ 100 մարդ, այդ թվում՝ 17 զինծառայող: Զոհերի մեծ քանակի պատճառներից մեկը եղել է այն, որ շարունակվող բախումների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել տարհանել վիրավորներին: Բացի այդ, բուն հարձակումներից առաջ զինյալներն ականապատել են ճանապարհները, որպեսզի թույլ չտան, դանդաղեցնեն կառավարական ուժերի համալրումը:
Պաշտոնական աղբյուրները հայտնել են նաև, որ հարձակվող զինյալները եղել են մոտ 70 հոգի, այլ աղբյուրների համաձայն՝ դրանց քանակը հասել է մինչև 300-ի: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանցից մինչև 90 հոգի սպանվել է բախումների ժամանակ, ինչպես նաև Եգիպտոսի զինված ուժերի F-16 կործանիչների ավիահարվածների արդյունքում:
Դրանից հետո՝ հուլիսի 16-ին ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է նաև Եգիպտոսի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ուժերի նավերից մեկը: Հարձակումն ապացուցող լուսանկարներից, որոնք տարածել էին կազմակերպության անդամները, երևում է, թե ինչպես է արձակված հրթիռը խոցում ռազմանավը:

«Սինայի վիլայեթ» խմբավորման (ԻՊ՝ Եգիպտոսի ճյուղ) հրապարակած լուսանկարը, որում երևում է հրթիռի թռիչքը դեպի Եգիպտոսի սահմանապահների նավը
Ավելացնենք, որ Եգիպտոսը միակ տեղը չէ, որտեղ գործում է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման մասնաճյուղ: Իրաքում և Սիրիայում կազմակերպության հաջողություններից հետո աշխարհի շատ մասերում, հիմնականում՝ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, շատ իսլամիստական կազմակերպություններ իրենց հավատարմություն են հայտնել «Իսլամական պետություն» կազմակերպությանը՝ դրանով դառնալով նրա մի մասը: ԻՊ ակտիվ մասնաճյուղեր գործում են մասնավորապես Եմենում, Լիբիայում, Աֆղանստանում և այլ երկրներում: