Բրիտանացի զինծառայողները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում ներգրավված են եղել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Սիրիայում կատարված ավիահարվածներին, մինչդեռ 2013 թվականին բրիտանական խորհրդարանն արգելել էր երկրի զինված ուժերի ավիահարվածները Սիրիայում:
Բրիտանական Guardian լրատվակայքի համաձայն՝ Սիրիայում ավիահարվածներին բրիտանացի զինծառայողների մասնակցությունը բացահայտել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Reprieve կազմակերպությունը:
Ընդհանուր առմամբ Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ գործողություններին միջազգային կոալիցիայի կազմում ներգրավված է եղել բրիտանացի շուրջ 1000 զինծառայող, բայց կոնկրետ Սիրիայում, որտեղ բրիտանացիներին արգելված էր գործելը, ԻՊ դեմ գործողություններին մասնակցել է նրանցից մոտ քսանը, ովքեր ծառայել են ամերիկյան հրամանատարության ներքո:
Սա, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, նշանակում է, որ այդ 20 զինծառայողները գործողություններին մասնակցել են ոչ թե բրիտանական դրոշի տակ, այլ որպես հրամանատարությունը ստանձնած երկրի անձնակազմ: Նախարարությունից նաև նշել են, որ ներկայում բրիտանացի օդաչուները Սիրիայում ԻՊ դեմ ավիահարվածներին չեն մասնակցում:
Սակայն անկախ նրանից, թե ինչպես է ներկայացնում նախարարությունը, բրիտանացի զինծառայողները մասնակցել են Սիրիայում ընթացող գործողություններին, ինչն առաջացրել է բրիտանացի խորհրդականների դժգոհությունը:
Սա կարող է ազդել նաև Բրիտանիայի վարչապետի՝ ԻՊ դեմ հատուկ գործողությունների իրականացման համար բրիտանացի զինվորականներին Սիրիա ուղարկելու մտադրության վրա:
Թունիսում հունիսի 26-ին ԻՊ կազմակերպած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը որոշել է երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին՝ SAS-ին, թույլ տալ գործողություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների ոչնչացման համար: Ավելին՝ ԻՊ դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար երկրի վարչապետը որոշել է ավելացնել երկրի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները:
Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածները սկսվել են 2014-ի սեպտեմբերին՝ ԱՄՆ գլխավորությամբ: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում և Մերձավոր Արևելքի արաբական մի շարք երկրներ: Բացի ավիահարվածներից, միայն մեկ անգամ է հայտնի դարձել ամերիկյան զինծառայողների Սիրիայում ԻՊ դեմ կատարած ցամաքային գործողության մասին՝ այն ժամանակ, երբ 2015-ի մայիսին ամերիկացի հատուկջոկատայինները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ պարագլուխներից մեկին:
ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավիահարվածների 9 ամիսներին Իրաքի և Սիրիայի տարածքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հազար զինյալ։ Սակայն տարբեր հաշվարկներով ԻՊ կազմում հիմա կա 30-70 հազար զինյալ: