Ադրբեջանցի զինվորը մնացել է չեզոք գոտում

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Թովուզի ուղղությամբ հուլիսի 15-ի լույս 16-ին ադրբեջանցի զինվոր է վիրավորվել: Վերջինս, ընտանիքի անդամների փոխանցմամբ, զանգահարել է եւ տեղեկացրել, թե գտնվում է չեզոք գոտում: Ադրբեջանական Սալամնյուզ լրատվական գործակալությունը հայտնում է, թե զինվորը վիրավորվել է «հայկական կողմի գնդակոծությունների» հետեւանքով՝ միաժամանակ որեւէ կերպ չպարզաբանելով, թե հատկապես ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, եւ ինչպես է վիրավոր զինվորը հայտնվել չեզոք գոտում: Լրատվակայքի փոխանցմամբ` վիրավոր զինվորը Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղի բնակիչ 21-ամյա Օրուջեւ Էլչին Ռագուֆ օղլին է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ` ադրբեջանցի զիվորի վիրավորվելու մասին տեղեկատվությունը, ասել է, որ հայկական կողմը չի արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպք, եւ կորուստներ նույնպես չկան:
«Եթե զինվորը վիրավորվել է եւ դա եղել է հակառակորդի սադրիչ գործողությունների հետեւանքով, ապա, անկախ այն բանից, թե որտեղ է տեղի ունեցել միջադեպը, մեղքն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է», ” ընդգծել է մամլո քարտուղարը:
Նշենք, որ երեկ ադրբեջանական բանակում եւս երկու արտակարգ պատահար է գրանցվել: Զորամասերից մեկում կախվել է 18-ամյա շարքային Փարվին Իսկենդերլին (զորակոչված Գյադաբեյի շրջանային զինկոմիսարիատից): Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ դեպքի մանրամասները ճշտելու համար:
Կրկին երեկ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ծանր վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ադրբեջանական բանակի ենթասպա Սադիխ Աղաեւը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հաստատում է տարեսկզբից Ադրբեջանի ԶՈՒ 49 զինծառայողների մահվան մասին տեղեկատվությունը:

http://panorama.am/ru/society/2012/07/17/az-army/
http://news.am/arm/news/113647.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *