Իրանը հակահրթիռային պաշտպանության նոր ռազմաբազա է բացելու սեպտեմբերին

Իրանի ընդհանուր հակաօդային-հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ սեպտեմբերին ներառվելու է հակահրթիռային պաշտպանության նոր բազա՝ մեծ և միջին հեռահարության ռադարներով: Այս մասին երեկ՝ հուլիսի 16-ին, իրանական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի ՀՕՊ բազաներից մեկի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին:

Իրանական արտադրության Ս-373 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Իրանական արտադրության Ս-373 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Բազան պաշտպանելու է Իրանի հարավային ու հարավարևելյան հատվածները: Իրանցի գեներալը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ինչ սպառազինություն է ընդգրկվելու համակարգի կազմում:

Մինչ այս՝ ապրիլին, գեներալ Իսմայիլին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի մեջ ներառել երկու նոր զինատեսակ՝ ռուսաստանյան Ս-300 և իրանական Բավար-373 զենիթահրթիռային համակարգեր:

Նշենք, որ Ս-300 համալիրներ Իրանը դեռ չի ստացել Ռուսաստանից, սակայն Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը ապրիլի 16-ին հայտարարել է, որ իրենք ռուսաստանյան կողմի հետ համաձայնություն ունեն Ս-300-ները ստանալ մինչև այս տարվա վերջ:

Իսկ Բավար-373 համակարգերը, որոնք իրանցիներն անվանում են «իրանական Ս-300», Իրանը ներկայացրել է ապրիլի 18-ին՝ Իրանի բանակի օրն անցկացված զորահանդեսի ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *