Հայաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարը

Այսօր՝ հուլիսի 16-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում է նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը,  ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, Վրաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մուրադյանը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով, երբ հունիսի 24-25-ը Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպում, ինքը հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ «Մենք պայմանավորվեցինք այնտեղ, որ կգտնենք համագործակցության նոր ուղիներ։ Իսկ այս այցելության նպատակն է ընդլայնել երկու երկրների պաշտպանության նախարարությունների ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը», — ասել է Խիդաշելին։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։  Վերջինիս գլխավորած պատվիրակությանն ընդունել էր Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Ըստ վրաստանյան կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել էին ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանում վրաստանցի վիրավոր զինծառայողների վերականգնողական կուրսեր անցնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ սա վերաբերում է Աֆղանստանում միջազգային առաքելությունների ժամանակ վիրավորված վրաստանցի զինծառայողներին։

«Շատ կարևոր է, որ հայաստանյան կողմն առաջարկեց մեր վիրավորներին ուղարկել Հայաստանի լավագույն զինվորական հանգստյան տներ՝ վերականգնողական բուժման կուրսերի համար։ Մենք էլ մեր հերթին վերականգնողական կուրսերի ընթացքում պատրաստ ենք մեր գործընկերների հետ կիսվել փորձով», — ասել էր Կապանաձեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները 2007 թվականից վերապատրաստվում են Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *