Դամասկոսում մարտերը շարունակվում են

Միջազգային կառույցների քննարկումներին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Սիրիայի մայրաքաղաքում: Դամասկոսի մի շարք թաղամասերում կիրակի կեսօրին սկսված մարտերը ընթացել են երեկ ամբողջ օրվա ընթացքում և գիշերը: Այս տեղեկությունը հաստատել է նաև Դամասկոսում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որն անընդհատ կապ է պաշտպանում Սիրիայում ՀՀ դեսպանության հետ:

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ փաստում են, որ վերջին օրերին ապստամբները դարձել են ավելի համարձակ ու հանդուգն: Համաձայն Ռոյթըր գործակալության` Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ լայնածավալ հարձակումներ է նախապատրաստում կառավարական զորքերի ստորաբաժանումների վրա: Այդ գործողության, որը ապստամբները անվանել են «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում», նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի «երկրում ստեղծվի քաղաքացիական համընդհանուր անհնազանդության իրավիճակ»: Սակայն հայտարարությունից կարելի է ենթադրել, որ սիրիական բանակը վերահսկում է իրավիճակը և լուրջ կորուստներ է պատճառել ապստամբներին: Սիրիական բանակի վճռական գործողությունների մասին օրերս հայտնել էր նաև Սիրիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ջիհադ Մաքդեսին:

Արևմտյան լրատվամիջոցներն անընդհատ շրջանառում են սիրիական բանակի և Ասադի մերձավոր շրջապատի բարձրաստիճան դասալիքների մասին տեղեկությունները: Վերջին օրերին Իրաքում Սիրիայի նախկին դեսպան Նավաֆ Ֆարեսի (Nawaf Fares) հետ հարցազրույցներ են հեռարձակել BBC և CNN հեռուստաընկերությունները: Ֆարեսը հայտարարել է, որ միայն արտաքին միջամտությամբ է հնարավոր իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին համանման տեղեկություն էր տարածվել նաև Մարոկկոյում Սիրիայի դեսպանի մասին, որը, սակայն, կարճ ժամանակ անց հերքվել էր:

Մինչ Սիրիայի կառավարական զորքերը մարտեր են մղում ապստամբների հետ, խոշոր պետությունների ղեկավարները շարունակում են քննարկումներն ու խորհրդատվությունները` սիրիական հակամարտության կարգավորումը գտնելու նպատակով: Ինչպես արդեն նշել ենք, դիվանագիտական հիմնական հակասությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև են: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մի շարք ուրիշ երկրներ գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է անպայման հեռացվի իշխանությունից և դրան հասնելու համար անհրաժեշտ է կիրառել պատժամիջոցներ` ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, իսկ Ռուսաստանը դեմ է արտահայտվում այդ տեսակետին:

Ներկայումս Մոսկվայում է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների Լիգայի ներկայացուցիչ Քոֆի Անանը, ով փորձում է բանակցությունների միջոցով համաձայնության գալ ռուսական կողմի հետ: Այդ ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աշխատում է Սիրիական հակամարտության կարգավորման փաստաթղթի վրա, որը նախատեսվում է քվեարկության դնել հուլիսի 18-ին` չորեքշաբթի օրը:

Փորձագետները քննարկում են երկու փաստաթուղթ` ռուսական, որը առաջարկում է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը երակարաձգել ևս 3 ամսով, և անգլիական` ըստ որի համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի պետք է պատժամիջոցներ կիրառվեն Սիրիայի նկատմամբ: Ակնհայտ է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է իր ծրագրի ընդունման համար` սպառնալով, որ առանց պատժամիջոցների կիրառման Արևմուտքը չի համաձայնի երկարաձգել դիտորդների մանդատը, որի ժամկետը լրանում է հուլիսի 21-ին:

Որպես փաստարկ ԱՄՆ ներկայացուցիչները նշում են, որ ռազմական գործողությունների պայմաններում ՄԱԿ-ի դիտորդները չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը: Ուշագրավ է, որ Քոֆի Անանի խաղաղարար ծրագրին դեմ են արտահայտվել ինչպես Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցող զինյալների ղեկավարները:

Նշենք նաև, որ Սիրիայի դեմ ֆինանսական պատժամիջոցների փաթեթ է նախատեսում նաև Եվրամիությունը, որը, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում է քննարկել եվրագոտու ֆինանսների նախարարների հուլիսի 23-ին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *