Հուլիսի 15-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը չնախատեսված ստուգումներ է իրականացրել հատուկ ստորաբաժանումներում՝ ստուգելով ուժայինների օպերատիվ-մարտավարական առաջադրանքներ կատարելու հմտությունները։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին։
Ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելուց հետո Քադիրովը հատկապես շեշտել է, որ Չեչնիան «չի եղել և չի լինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազա»։
«Մենք լսում ենք նրանցից (ԻՊ-ից-Ռազմինֆո), որ Հյուսիսային Կովկասում բացել են իրենց մասնաճյուղերը և որ իրենց գործունեությունն ընդարձակվում է։ Ես ուզում եմ հավաստել, որ այդ «անիծվածները» ոչնչի հույս չեն կարող ունենալ, և Չեչնիայի հանրապետությունում նրանց ո´չ բազա, ո´չ մասնաճյուղ և անգամ «հոտը» չի կարող լինել»,—հայտարարել է Քադիրովը։
Քադիրովը կարևորել է փոքրաթիվ խմբերի դեմ կռվելու կարողությունը, այդ թվում նաև՝ միայնակ գործող ահաբեկիչների դեմ։ Վերջինս շեշտել է ՌԴ-ի կազմում գտնվող հանրապետություններում գործող ուժային կառույցների դերը, նշելով, որ հենց նրանք պիտի առաջին հերթին ապահովեն իրենց անվտանգությունը և թույլ չտան, որ արևմտյան հատուկ ծառայությունները խառնվեն տարածաշրջանում իրենց գործերին և սադրանքների դիմեն։
Հարկ է ավելացնել, որ ընդամենը վերջերս՝ հունիսի 21-ին, «Կովկասյան հանգույց» լրատվամիջոցը հայտնել էր, որ «Կովկասի Էմիրություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հավատարմության երդում են տվել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին։
Տեղեկացնենք, որ «Կովկասի էմիրություն» խմբավորումը ստեղծվել է 2007 թվականին։ Խմբավորման ղեկավարը համարվում է «Կովկասի մոջահեդների ամիր», «ջիհադի առաջնորդ», իսկ «Կովկասի էմիրությունը» «միակ օրինական իշխանությունն է, որտեղ կան մոջահեդներ»։
Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև Դաղստանը, Չեչնիան, Կաբարդինա-Բալկարիան և մյուս հանրապետությունները, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն են դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։
Pingback: Չեչնիայում դարձյալ մարտական տագնապով ոտքի է հանվել հատուկ նշանակության գունդը | Ռազմ.info
Pingback: ՌԴ ՆԳ նախարարի տեղակալը Չեչնիայում ստուգել է հատուկ նշանակության գնդի պատրաստության աստիճանը | Ռազմ.info