ՀՕՊ լայնամասշտաբ վարժանքներ Ռուսաստանի հարավում

Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մի մասն ուղարկվում է Կասպից ծովից հյուսիս ընկած Աստրախանի շրջան, որտեղ անցկացվելու են զորատեսակի վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

Մինչ հուլիսի վերջ, ինչպես նշում է լրատվամիջոցը, կենտրոնացման շրջանում են հավաքվելու շուրջ 700 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա և համապատասխանաբար 1500 հոգի անձնակազմ:

Հակաօդայինների վարժանքները նախատեսված է շարունակել մինչև սեպտեմբերի սկիզբ: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը ստորաբաժանումները կանցկացնեն վարժանքների կրակային ակտիվ փուլը, որի ժամանակ ստորաբաժանումները դիվիզիոնների կազմով կրակի կառավարման վարժություններ են անցկացնելու:

Նշվում է, որ վարժանքների ակտիվ փուլը հնարավորինս մոտեցված է լինելու մարտական պայմաններին, իսկ ՀՕՊ ստորաբաժանումների պայմանական թիրախները լինելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մարտավարական ավիացիայի ինքնաթիռները:

Նշենք, որ բացի ՀՕՊ զորքերը, առաջիկա երկու շաբաթների ընթացքում ռուսաստանյան զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների մի մասն էլ վարժանքներ է անելու Կովկասում: Վարժանքներին ներգրավված են լինելու շուրջ 300 միավոր տեխնիկա և մոտ 1500 հոգի անձնակազմ:

Մեկ այլ զորավարժություն՝ Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ, հուլիսի վերջին Ռուսաստանն անցկացնելու է Կովկասից հյուսիսարևելք ընկնող Կրասնոդարի զորավարժարաններից մեկում: