ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաքն օգնություն է խնդրել Թուրքիայից. «Միլլիյեթ»

Հուլիսի 14-ին Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերին այցելել է Թուրքիա՝ հանդիպել երկրի նախագահին և արտգործնախարարին։ Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Իրաքը ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, իսկ Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրեր՝ այդ թվում ԻՊ-ի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության զարգացումը։

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքական պարբերականի հոդվածում նշվում է, որ Իրաքի արտգործնախարարը, ընդգծելով ԻՊ-ի ընդհանուր հակառակորդ լինելու փաստը, նշել է, որ Իրաքը Թուրքիայից ռազմական օգնություն է խնդրում այդ կառույցի դեմ պայքարում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ մոտ ժամանակներս Թուրքիան սկսելու է իր տարածքում մարզել Իրաքի ոստիկանական ուժերին, ինչպես նաև շարունակելու է մարզումները Իրաքի բանակի հետ։

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ծավալվող իրադարձությունները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համատեղ գործողությունների մեխանիզմների մշակումը։

Հիշեցնենք, որ 2015-ի մարտին Իրաք այցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է շարունակել Իրաքի կառավարական ուժերի և քրդական Փեշմերգեի մարտիկների մարզումներն ու զինումը, տրամադրել մարդասիրական օգնություն, Իրաքի կողքին կանգնել ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքի ազատագրման ժամանակ, ինչպես նաև ճամբարներ հիմնել քաղաքը լքողների համար: Նախարարը նաև հավելել է, որ իրենց՝ մարտի 3-ին 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռով Բաղդադ ուղարկած ռազմական օգնությունը լինելու է շարունակական:

Նշենք, որ Իսմեթ Յըլմազը դեռևս մարտի 2-ին էր հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման համար միջազգային ռազմական առաքելության իրականացնելիք գործողությանը Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, սակայն չէր նշվել մասնակցության ձևաչափի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարի այցից որոշ ժամանակ անց Մոսուլի նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *