Ռուսաստանի կազմի մեջ մտնող հյուսիսկովկասյան Կաբարդինո-Բալկարիայում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան մտցվել է հակաահաբեկչական ռեժիմ՝ տեղացի մի քանի զինյալների բռնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը:
Հակաահաբեկչական գործողության ընթացքում ռուսաստանցի ուժայինները հայտնաբերել են զինյալներին: Ահաբակիչները դիմադրել են ուժայիններին, ինչի արդյունքում փոխհրաձգության ընթացքում սպանվել է զինյալներից երեքը: Զինյալների անունները չեն հրապարակվել:
Տեղեկություն է եղել նաև, թե զինյալները եղել են հինգ հոգով, և փոխհրաձգության ընթացքում նրանցից երկուսը փախել են, սակայն հետագայում այդ տեղեկությունը չի հաստատվել:
Նշենք, որ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում հակաահաբեկչական գործողությունները հաճախակի են: Դրանք առավելապես հաճախ են լինում Հյուսիսային Կովկասի հանրապետություններից Դաղստանում:
Բացի այդ, հաճախակի են հակաահաբեկչական գործողությունները նաև Կովկասյան լեռների հարավում՝ Վրաստանի՝ սահմանամերձ շրջաններում, որտեղից տեղացիներին հաճախակի հավաքագրում են «Իսլամական պետության» կազմում կռվելու համար: ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիների թիվը հստակ չէ, բայց տարբեր աղբյուրներով այն տատանվում է 50-100-ի շրջանում։
Pingback: Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է միջազգային ահաբեկչական խմբի 6 անդամ | Ռազմ.info