Այսօր, հուլիսի 14-ին գերմանական Krauss-Maffei Wegmann (KMW) և ֆրանսիական պետական Nexter ռազմարդյունաբերական ընկերություններն ամենայն հավանականությամբ միավորման պայմանագիր են ստորագրելու։ Այդ մասին հուլիսի 10-ին հաղորդել է գերմանական Deutsche Welle պետական ռադիոկայանի կայքը։
Գերմանական KMW ընկերությունը հայտնի է առաջին հերթին իր «Լեոպարդ I» և «Լեոպարդ II» տանկերով, բացի այդ արտադրում է սպառազինության լայն տեսականի՝ սկսած հետևակի մարտական «Պումա» մեքենայից, վերջացրած համազարկային կրակի Մ270 կայաններով։
Nexter ընկերության արտադրանքի ցանկում է Ֆրանսիայի զինված ուժերի հիմնական մարտական «Լեկլերկ» տանկը, 155 մմ CAESAR ինքնագնաց հրետանային համակարգը, FAMAS ավտոմատը, APILAS ձեռքի հակատանկային նռնականետը և այլն։
Ստորագրումից հետո պայմանագիրը դեռ պիտի հաստատվի երկու երկրների պետական մարմինների կողմից։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի օրենսդիրները հատուկ օրենք են ընդունել, որով հնարավոր է դարձել Nexter-ի սեփակաշնորհումը, ինչն էլ իր հերթին մասնավոր գերմանական ընկերության հետ միավորման պայմանագիր ստորագրելու հնարավորություն է տվել։
Որպես միավորման պատճառ նշվում է, որ եվրոպական նոր ընկերությունը կկարողանա ավելի արդյունավետորեն մրցակցել միջազգային շուկաներում։
Երկու ընկերությունների հնարավոր միավորման մասին հայտնի է դարձել ս.թ. մայիսին, Գերմանիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ։ Ըստ գերմանական աղբյուրների՝ KMW-ն և Nexter-ը համատեղ աշխատելու են նոր սերնդի «Լեոպարդ» տանկի ստեղծման վրա։
Նախատեսվում է, որ նորաստեղծ միավորման մեջ կաշխատի մոտ 6000 մարդ, այն կունենա 2 մլրդ եվրոյի կարգի տարեկան շրջանառություն։