Իրաքի կառավարական ուժերը սկսել են Ռամադի քաղաքի ազատագրման գործողությունը

Իրաքի միացյալ ուժերի հրամանատարը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այսօր՝ հուլիսի 13-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 5:30, իրենք ռազմական գործողություն են սկսել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու երկրի Անբար նահանգը։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում

Գործողության հիմնական իրագործողները Հաշիդ Շաաբի («Հայտնի մոբիլիզացում») բանակի շիադավան զինծառայողներն են։ Արդեն հայտնի ե, որ Իրաքի կառավարական ուժերը լուրջ դիմադրության են հանդիպել։ Ահաբեկչական կազմակերպության զինյալները պայթուցիկներով բեռնված 5 մեքենա են տեղակայել ճանապարհին և հրթիռներ են արձակել՝ կասեցնելու իրաքցիների առաջխաղացումը դեպի Ֆալլուջա քաղաք։

Իրաքի շիաների ամենամեծ զինված կազմակերպության՝ «Բադրի» հրամանատար Հադի ալ-Ամերին հայտարարել է, որ ակնկալվում է՝ Ֆալլուջան կազատագրվի Ռամադանի ավարտին տոնվող Էիդ տոնից հետո՝ այս շաբաթվա վերջին։

Նշենք, որ Ֆալլուջան ԻՊ-ի ձեռքն անցած առաջին խոշոր քաղաքն էր (գրավել են 2014-ի հունվարին): Իսկ Ռամադին «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ է ընկել 2015-ի մայիսին:

Հավելենք, որ այսօր սկսված գործողության մասին հայտնել էին դեռ մեկ ամիսն առաջ՝ հունիսի 11-ին:

Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են Իրաքի կառավարկան ուժերը, տեղի շիադավան և սուննի զինյալներ, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Ավստրալիան և Կանադան:

One response to “Իրաքի կառավարական ուժերը սկսել են Ռամադի քաղաքի ազատագրման գործողությունը

  1. Pingback: Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Ռամադի քաղաքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *