ԱՄՆ-ն ավարտին է հասցնում միջուկային ռումբի նոր մոդիֆիկացիայի փորձարկումները

Հուլիսի 1-ին անցկացվել են B61 միջուկային զենքի 12-րդ մոդիֆիկացիայի՝ «B61-12» միջուկային ռումբի փորձարկումները։ Այս տարի նախատեսվում է անցկացնել ևս 2 փորձարկում, որոնց արդյունքում զենքը կվերամշակվի։ 2019-ից հետո ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել նաև Եվրոպայում տեղակայված մարտավարական միջուկային ռումբերը։
Այս մասին հայտնում է ԱՄՆ «Միջուկային անվտանգության ազգային վարչության» կայքը։

ԱՄՆ ՌՕՈւ F-15E Strike Eagle կործանիչը

ԱՄՆ ՌՕՈւ F-15E Strike Eagle կործանիչը

Նշվում է, որ փորձարկումներն անցկացրել են ԱՄՆ «Միջուկային անվտանգության ազգային վարչությունը» (ՄԱԱՎ) և ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Փորձարկումների ընթացքում առանց մարտագլխիկի ռումբը նետել են F-15E կործանիչից՝ Նևադա նահանգի «Տոնոպա» փորձադաշտում։ Ռումբի փորձարկումը հաջող է անցել, ստացվել են փորձարկման հեռաչափական տվյալները և տեսանկարահանումը։

ՄԱԱՎ-ի փոխանցմամբ՝ սա միջուկային զենքի միայն առաջին փորձարկումն էր, սակայն ռումբի վերջնական պատրաստության համար անհրաժեշտ է ևս երկու փորձարկում, որոնք պետք է իրականացվեն 2015-ի ընթացքում։

Նշենք, որ B61-12 -ը դեռևս 1963 թ. ստեղծված  B61 միջուկային ռումբի 12-րդ արդիականացումն է։ Զենքի արտադրությունը նախատեսվում է սկսել 2020-ից։ Արդյունքում  B61-12-ը պետք է փոխարինի ԱՄՆ-ի սպառազինությունում գտնվող B61-3, B61-4, B61-7 և B61-10 միջուկային ռումբերը։ ԱՄՆ ՌՕՈւ սպառազինությունում առկա շուրջ 50 միավոր B61-11 (ռումբի 11-րդ մոդիֆիկացիա) ռումբերը դեռևս նախատեսվում է պահել սպառազինությունում։ Ռումբի արդիականացման աշխատանքները սկսվել են դեռևս 2012-ին մշակված ծրագրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *