Հուլիսի 8-ին բրիտանական Ռոյթերս լրատվական գործակալությունը Հարավային Օսիայի մասին տեսանյութ էր պատրաստել՝ անդրադառնալով հիմնականում 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո իրավիճակին և վերջերս ՌԴ-ի հետ կնքած համագործակցության և ինտեգրացիայի համաձայնագրին։
«Ռուսաստանի հետ համաձայնագիրը խթանում է Հվ Օսիայի զարգացմանը» (Treaty with Russia spurs development in South Ossetia) վերնագրով տեսանյութում Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը զինծառայողների առջև ելույթ ունենալիս շեշտում է, թե ինչքան կարևոր է 2 երկրների անվտանգության և պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը։
Թիբիլովի այս հայտարարության վերաբերյալ հուլիսի 9-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է. «Այսպես կոչված «անկախ Հարավային Օսիայի հանրապետությանը» պետք չէ Ռուսաստանի հետ համատեղ զինված ուժեր, քանի որ նրանք (նկատի ունի Հվ Օսիան ” Ռազմինֆո) արդեն բավարար քանակությամբ ռուսաստանյան ուժեր ունեն։ Սա արդեն այն Հարավային Օսիան չէ, սա արդեն ռուսաստանյան մեծ ռազմաբազա է, որում ծառայում են այնտեղ ապրողները։ Հնարավոր է ինչ-որ մեկը դժգոհ է, որ ծառայում է ռուսաստանյան ռազմաբազայում և դրա համար ստանում է աշխատավարձ։ Արդյոք գոհ է հասարակությունն իր դրությունից, թե չէ, երևաց, երբ համաձայնագրի կնքման ժամանակ լուրջ բողոքներ եղան»,—լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խիդաշելին։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի և Հվ. Օսիայի նախագահները ստորագրեցին «ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիր», որով նախատեսվում է ստեղծել երկու երկրների անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ։ «ՌԴ-ն ապահովում է Հարավային Օսիայի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ներառյալ պետական սահմանի պաշտպանությունը։ Այդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների առանձին ստորաբաժանումներ մտնելու են ՌԴ զինված ուժերի և անվտանգության այլ մարմինների կազմի մեջ»,—նշված է համաձայնագրում։