Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015

Արցախում ավտովթարի պատճառով երկու զինծառայող է մահացել • ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում • ՀՀ-ում անցկացվել է ուսումնավարժություն՝ ճգնաժամային իրավիճակներում հանրային իրազեկման թեմայով • Նախարար Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման • ՊԲ կենտրոնական զորամասերում սկսվել են համալիր ստուգումներ • Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել • ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջուկային անվտանգության համաձայնագրի նախագծին • Ադրբեջանն ու Հայաստանը կմիանան «Շանհայի համագործակցության կազմակերպությանը»` որպես դիտորդներ • Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդներին  • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու ուղղությամբ • Ռազմական ինստիտուտում բացվեց օգոստոսին զոհված հետախույզ Զորիկ Գևորգյանի անվան լսարան

Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մոլդովայի և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային վերապատրաստման փուլը

Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մոլդովայի և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային վերապատրաստման փուլը

• Հուլիսի 5-ին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին ավտովթարի պատճառով մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Զիրոյանը և Մարատ Թադևոսյանը: Եվս երկու զինծառայող՝ Ալիկ Պետրոսյանը և Սարգիս Գևորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

• Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ամառային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ։ Վկայական ստացողների թվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները։

• Հուլիսի 7-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն իրականացրել է շտաբային եռօրյա ուսումնավարժություն՝ «ՀՀ-ում աղետների ժամանակ ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով։

• Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նախիջևանի հետ սահմանի դիրքերում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նախիջևանի հետ սահմանի դիրքերում

• Հուլիսի 6-ից ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ են մեկնարկել, որոնց մասնակցում են ինչպես Գյումրիի տեղակայված ստորաբաժանումները, այնպես էլ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը:

• ՌԴ կառավարությունը հուլիսի 2-ին հավանության է արժանացրել Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկում և տեղեկատվության փոխանակում՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովման նպատակով։

• Հայաստանը, Ադրբեջանն ու Նեպալը միանում են «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» (ՇՀԿ)՝ որպես կազմակերպության գործընկեր պետություններ:

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդների հետ

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդների հետ

• Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի ռազմական կցորդ, գեներալ Հելմուտ Ֆելներին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, և Հայաստանում Ավստրիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստիան Սմուտեկին:

• Հուլիսի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջան ուղղությամբ:

• Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվել է ինստիտուտի շրջանավարտ, 2014-ի օգոստոսի լույս 2-ի գիշերը հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված Զորիկ Գևորգյանի անվան լսարան:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *