Այս պահին Սիրիայում իրավիճակի շուրջ բազմապիսի չճշտված ու հակասական լուրեր են տարածվում զանազան աղբյուրների կողմից: Ռազմինֆոյի թիմը փորձում է տարբեր աղբյուրներով ու հնարավորինս արագ ճշտել շրջանառվող տեղեկությունները՝ ներկայացնելով դրանք թարմացվող լրահոսի տեսքով:
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ
20:22 Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդագրության` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մայդան և Տադամուն թաղամասերում վերսկսվել են զինված բախումները։ Բացի այդ փոխհրաձգություններ են եղել նաև Դամասկոսի մի շարք այլ թաղամասերում, ինչպես նաև Սիրիայի մի քանի այլ շրջաններում։ Մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնման համար Մայդան և Տադամուն թաղամասեր է մտցվել զրահատեխնիկա։
Նույն աղբյուրի փոխանցմամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս ընդգծել է Ռուսաստանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է երկարաձգել ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատը Սիրիայում։
16:45 Սիրիան Persona Non Grata է հայտարարել Մարոկկոյի դեսպանին։ Այս մասին ժամ առաջ Twitter-ի իր էջում գրել է Սիրիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ջիհադ Մաքդեսին: Մինչ այդ Մարոկկոն պաշտոնապես պահանջել էր Սիրիայի դեսպան Նաբիհ Իսմայիլին լքել երկրի տարածքը: Դրանից կարճ ժամանակ առաջ խոսակցություն էր տարածվել՝ իբր դեսպանը որոշել է միանալ ապստամբներին: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հերքվեց:
12:50 Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ Դամասկոսում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ամբողջ գիշեր հրետանու ու հրազենի կրակոցներ են լսվել։ Մարտերն ընթացել են հայկական բնակչություն ունեցող թաղամասերից ու դեսպանատնից հեռու։ Հայերի թվից զոհերի կամ տուժածների մասին որևէ տեղեկություն առայժմ չկա։
11:00 Մի շարք ռուսական և արևմտյան լրատվամիջոցներ հայտնում են, որ նախօրեին ծանր մարտեր են տեղի ունեցել Դամասկոսի մերձակայքում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Ալ-Ջազիրայի վրա, հաղորդագրություն է տարածել Դամասկոսի Միդան, Զահրա, Էլ-Կազազ, Սինաա և Կֆար-Սուսա թաղամասերում ընթացող մարտերի մասին: Կառավարական ուժերը շրջապատել են ապստամբներին: Սիրիայի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ մի խումբ զինյալներ թափանցել են Թադամուն թաղամասը, ռումբեր պայթեցրել, և կառավարական զորքերը սկսել են նրանց ոչնչացնելու գործողությունը: Ըստ նախնական տեղեկությունների 16 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
10:40 «Հակամարտությունը Սիրիայում ստանում է միջկրոնական երանգ. ակտիվանում է Ալ-Քաիդան»,— Քոֆի Անանի հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, իրադրությունը Սիրիայում օրեցօր բարդանում է, և Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ երկրի քրիստոնյաների և մյուս համայնքների անդամների նկատմամբ: «Այդ միտումը նկատվում է տարբեր շրջաններում և սպառնում է անվտանգությանը»,— ասել է Լավրովը: Նա նաև նշել է, որ պաշտոնական Մոսկվան ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական խնդրի քննարկումը անհուսալի չի համարում և հույս ունի, որ Ժնևում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի համաձայնության գալ:
ԿԻՐԱԿԻ, 15 ՀՈՒԼԻՍԻ
ՄԱԿ-ի դիտորդները ուսումնասիրել են Թրեմսեհ գյուղում նախորդ հինգշաբթի օրը բախումների հետևանքները, որի ընթացքում տարբեր տեղեկություններով զոհվել են 50-ից 200 մարդ: Դիտորդները զրուցել են ապստամբների հետ, ովքեր պնդում են, որ կառավարական ուժերը գյուղում օգտագործել են ծանր տեխնիկա, ուղղաթիռներ, գնդակահարել են խաղաղ բնակիչներին: Այս տեղեկությունը կտրականապես մերժում են պաշտոնական աղբյուրները: Հուլիսի 15-ին այս դեպքին է անդրադարձել Սիրիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ջիհադ Մաքդեսին, նշելով, որ զինյալները ներխուժել են Թրեմսեհ, ահաբեկել խաղաղ բնակչությանը, ստեղծել ռազմակայաններ, որտեղից հարձակումներ են իրականացրել կառավարական ուժերի վրա: Դրան ի պատասխան, սիրիական բանակը ձեռնարկել է բնակավայրը մաքրելու գործողություն, որի հետևանքով զոհվել են 37 ապստամբ և երկու խաղաղ բնակիչ: Սիրիական բանակի ուժերը առգրավել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք` այդ թվում` գնդացիրներ, նռնականետներ, դիպուկահար հրացաններ, արբանյակային կապի հեռախոսներ, պայթուցիկ նյութեր և այլն: Մաքդեսին նաև հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարելու են պետության և քաղաքացիների դեմ, հանդիպելու են սիրիական բանակի վճռական պատասխանին: