Լիբանանը Սիրիայի հետ սահմանին բանակային զորամիավորումներ եւ զրահատեխնիկա է տեղակայում: Երկրի հյուսիսային սահման է ուղարկվել եւս 2 հազար զինվորական:
«Նահարնետ» լրատվական գործակալության փոխանցմաբ՝ Տրիպոլիի մոտակայքում այսօր բանակային զորամիավորումներ են հայտնվել: Զինվորականներ փոխադրող բեռնատարները կանգ են առնում սիրիային սահմանակից Աքքար գավառում եւ հյուսիս-արեւելյան շրջաններում:
Զորքերին հրամայված է պաշտպանել խաղաղ բնակչությանը, հնարավոր գնդակոծությունների դեպքում պատասխան կրակ արձակել, կասեցնել զինյալների կողմից սահմանի խախտման կամ զինամթերքի տեղափոխման դեպքերը:
Լիբանանի կառավարությունը սահմանի պաշտպանության ուժեղացման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ սահմանային միջադեպերի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Սիրիայի իշխանությունները հաստատում են, որ Լիբանանի հետ սահմանին մարտեր են ընթացել, որոնց արդյունքում հաջողվել է կանխել ահաբեկչական խմբերի մուտքը Սիրիա:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լիբանանի Վադի-Հալեդ շրջանում հրթիռային գնդակոծությունների հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ եւս տասը մարդ, ալ-Մահաթա գյուղում զոհերի թիվը հասել է հինգի: Այստեղ գնդակոծությունների պատճառ են դարձել «Սիրիայի ազատ բանակի» զինյալները, ովքեր, փախուստի դիմելով, ապաստանել են գյուղում: Հաղորդվում է, որ շարունակական դարձած գնդակոծությունների հետևանքով մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ շարժվելով դեպի երկրի խորքը: