Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ամառային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ։ Վկայական ստացողների թվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մոլդովայի և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային վերապատրաստման փուլը
3 շաբաթվա ուսումնական դասընթացին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 5 երկրի 16 զինծառայող։ Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մոլդովայի և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները վրաստանցի հրահանգիչների աջակցությամբ սովորել են լեռներով, գետերով տեղաշարժվել, ինչպես նաև՝ լեռնային պատրաստության մի շարք հմտություններ։
Ավարտական միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան և գնդապետ Գեորգի Կբիլցեցխլաշվիլին, զորավարժությունների և ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Լևան Բերիան և ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ռազմական հարցերով միջնորդ (Military Liaison Officer) Մաքսիմիլյան Էդերը։
Տեղեկացնենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թվականին հրապարակվել է Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։
Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։ Հայաստանից զինծառայողները մասնակցել են նաև 2015թ. ձմեռային վերապատրաստման դասընթացին։
Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info
Pingback: Առաջիկա տարում Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info