Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ են մեկնարկել, որոնց մասնակցելու են ինչպես Գյումրիի տեղակայված ստորաբաժանումները, այնպես էլ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ

Վարժանքների ընթացքում ստուգվելու է «Էրեբունու» ավիախմբի և Գյումրու կայազորի հերթապահ ստորաբաժանումների պատրաստությունը: Ընդ որում՝ ստուգումների ընթացքում կիրառվելու են նաև «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրական ժամանակում նկարելու և ստուգողների համար ցուցադրելու են վարժանքների ընթացքը:

Հանկարծակի ստուգումով սկսված վարժանքներ անցկացվելու են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

One response to “Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել

  1. Pingback: Գյումրու ՌԴ ռազմաբազայի կրակային վարժանքներ «Ալագյազում» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *