ՌԴ կառավարությունը հուլիսի 2-ին հավանության է արժանացրել Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկում և տեղեկատվության փոխանակում՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովման նպատակով։ Միջկառավարական համաձայնագրի նախագիծը և դրա հավանության մասին տեղեկությունը հրապարակվել է ՌԴ պետական-իրավական տեղեկատվության կայքում։
Համաձայնագրի նախագծի՝ հրապարակված տեքստում նշվում է նաև ՌԴ կառավարության հանձնարարականի մասին, որով «Ռոսատոմ» պետական կորպորացիային և արտգործնախարարությանը հանձնարարվում է բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և համաձայնության ձեռքբերման դեպքում ստորագրել համաձայնագիրը ՌԴ կառավարության անունից։
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանը միակն է տարածաշրջանում և իր ռազմավարական նշանակության պատճառով բազմիցս առաջացրել է Հայաստանի հարևան, բայց ոչ բարեկամ պետությունների դժգոհությունը, որոնք, հղում անելով ատոմակայանի՝ «շրջակա միջավայրի համար վտանգավոր լինելուն», միջազգային կառույցներին բազմիցս կոչ են արել միջոցներ ձեռնարկել Մեծամորի ատոմակայանի փակման ուղղությամբ։ Այս հարցում հատկապես եռանդուն ջանքեր գործադրում Թուրքիան։
Նշենք նաև, որ 2014-ի մարտին ՀՀ կառավարությունը որոշեց երկարացնել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ պայմանավորված նոր էներգաբլոկի շինարարության ձգձգմամբ։ Հայկական կողմը ռուսաստանյան «Ռոսատոմ» կորպորացիայի հետ ձեռք է բերել նաև պայմանավորվածություն՝ իրականացնել համալիր միջոցառումներ՝ ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու շուրջ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info