Հուլիսի 7-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ, կիրականացնի շտաբային եռօրյա ուսումնավարժություն՝ «ՀՀ-ում աղետների ժամանակ ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ուսումնավարժությանը մասնակցելու են նաև գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները։
Ուսումնավարժության ընթացքում առաջին անգամ գործարկվելու է աղետների ժամանակ ծավալվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` խոսելով «մեկ ձայնով», կանխելով խուճապի ու ասեկոսեների տարածումը:
Սցենարի համաձայն` տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ «զոհեր, տուժածներ և անօթևան» մարդիկ: Ստեղծվելու է «թեժ գիծ», գործելու է հատուկ կայք-էջ, «աղետի գոտուն» կից ծավալվելու է նաև շարժական լրատվական կենտրոն, որը «դեպքի վայրում» կապահովի լրատվամիջոցների աշխատանքը և պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն։