Իրաքի ԶՈւ ինքնաթիռն անսարքության պատճառով ռումբ է գցել Բաղդադի վրա. կան զոհեր

Այսօր՝ հուլիսի 6-ին, Իրաքի կառավարական բանակի Սու-25 գրոհիչը Բաղդադ քաղաքի արևելքում թռչելիս տեխնիկական խնդրի պատճառով ռումբ է գցել քաղաքի բնակելի շենքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը, վնասվել է 3 շինություն:Այս մասին հայտնում է ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը:

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը

Ինքնաթիռը մինչ այդ ռմբագոծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը, սակայն ռումբերից մեկը տեխնիկական պատճառով խցանվել է և կախված մնացել ինքնաթիռի վրա: Ինքնաթիռի՝ ռազմաբազա վերադառնալու ճանապարհին ռումբն անջատվել է ինքնաթիռից ու ընկել բնակելի շենքերի վրա: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Սաադ Մաանը:

Հիշեցնենք,  որ 2014-ի հունիսի երկրորդ կեսին Իրաքը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու համար, արագացված կարգով Սու-25 գրոհիչներ է գնել Ռուսաստանից, որոնք անմիջապես մատակարարվել են Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում: Նույն տարվա հուլիսի սկբներին Իրաքը Սու-25-եր է ստացել նաև Իրանից:

Հատկանշական է, որ Իրաքը դեռևս 2011-ին ԱՄՆ-ի հետ պայմանագիր էր կնքել՝ F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ, ինչը սակայն չի իրականացվել մինչ օրս:

Ենթադրվում է՝ իրաքյան կողմի՝ Սու-25-երի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Իրաքում կան օդաչուներ, որոնք արդեն տիրապետում են ինքնաթիռը կիրառելու հմտություններին:

Հավելենք, որ Սու-25 գրոհիչը սպառազինված է Ռ-60 կառավարվող հրթիռներով, 30մմ տրամաչափի ԳՇ-30-2 թնդանոթով, ինչպես նաև ավիառումբերով: Հավելյալ սպառազինության համար գրոհիչներն ունեն 10 կախոցի հնարավորություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *