Հուլիսի 3-ին Դաղստանի Դերբենդի և Կիզիլյուրտի շրջաններում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները շրջափակել էին զինյալների ամառային բազան Նաչաևկա և Մացաևկա գյուղերի մեջտեղում։
Դրան հետևած փոխհրաձգության արդյունքում սպանվել են զինյալներից 2-ը, զոհվել է նաև ներքին գործերի նախարարության 1 զինծառայող։ Միջադեպի վայրից առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ, զինամթերք։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 20 կգ պայթուցիկ նյութ և պայթուցիչներ, հայտնում է «Կովկասյան հանգույց» պարբերականը։
Հուլիսի 6-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է սպանված զինյալների անունները։ 1979 թվականին ծնված Իբրահիմ Մագոմեդովը և 1986 թվականին ծնված Աբդուրախման Իբրահիմովը «Կիզիլյուրտյան» զինված խմբավորման անդամներ են եղել։
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ-ի 317-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն) և 222-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի անօրինական շրջանառություն)։
Հավելենք, որ հուլիսի 5-ին Կիզիլյուրտի շրջանում հանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։