ԱՄՆ-ն Ուկրաինայում անցկացնելու է միջազգային զորավարժություններ. մասնակցելու է նաև Գերմանիան

Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) ամռանը ԱՄՆ-ի ղեկավարությամբ մասնակցելու են Ուկրաինայում կայանալիք ցամաքային զորքերի Rapid Trident-2015 («Արագ եռաժանի-2015») և ռազմածովային ուժերի Sea Breeze («Ծովային զեփյուռ-2015») միջազգային զորավարժություններին: Այս մասին հայտնում է գերմանական  Deutsche Welle լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ արտաքին գործերի նախարարության հուլիսի 5-ի հայտարարությանը:

Բունդեսվերի զինծառայող

Բունդեսվերի զինծառայող

Սպասվում է, որ Rapid Trident-2015 զորվարաժությունը կմեկնարկի Լվովի շրջանի Յավորով քաղաքում հուլիսի 20-ին և կշարունակվի 11 օր: Ըստ Deutsche Welle-ի՝ վարժանքներին մասնակցելու է շուրջ 1800 զինծառայող՝ 18 երկրից: Rapid Trident-2014-ին մասնակիցների թիվը 600-ով քիչ էր: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայից մասնկացելու է 5 զինծառայող, որոնց ներգրավվելու են զորավարժության շտաբային աշխատանքներում:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության տվյալներով՝ այս զորավարժությանը մասնակցելու է շուրջ 2000 զինծառայող, որոնցից 1000-ը՝ Ուկրաինայից, 500-ը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ ՆԱՏՕ-ի անդամ և «Համագործակցություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի մասնակից պետություններից:

Sea Breeze-2015 ռազմածովային զորավարժությունն անցկացվելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը Սև ծովում: Մասնակցելու է 2500 զինծառայող: Ուկրաինան այս զորավարժությանը ներկայանալու է 1000 զինծառայողով, մոտ 10 ռազմանավով, 8 ուղղաթիռով և ինքնաթիռով և 50 միավոր անվավոր զինտեխնիկայով, իսկ ԱՄՆ-ն՝ 1000 զինծառայողով,  մինչև 5 նավով, 2 սուզանավով և շուրջ 40 միավոր անվավոր զինտեխնիկայով:

Նշենք, որ «Համագործակցության հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում  իրականացվող Sea Breeze զորավարժություններն անցկացվում են Ուկրաինայի տարածքում 1997-ից՝ 1993-ին Ուկրաինայի ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված «Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության ու փոխըմբռնման հուշագրի» համապատասխան։

Այս միջազգային զորավարժությունը 2013 թվականին անցկացվել է հուլիսի 8-20-ը Սև ծովում՝ Ուկրաինայի ջրային տարածքներում։ Զորավարժությանը մասնակցել են նաև Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Sea Breeze-2014-ը, կրկին Ուկրաինայի հյուրընկալությամբ, մեկնարկել է սեպտեմբերի 8-ին և շարունակվել  մինչ նույն ամսվա 10-ը: 2014-ին Sea Breeze-ին մասնակցել են նաև Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *