Հայտնի է Թուրքիայի նոր պաշտպանության նախարարը

Հուլիսի 3-ին Թուրքիայի վարչապետի ժամանկավոր պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն երկրի նոր պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է 2001-ից 2011-ն այդ պաշտոնը զբաղեցրած Վեջդի Գյոնուլին։ Նույն օրը երկրի նախագահը հաստատել է նշանակումը և որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատու «Resmi Gazete»-ում։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ԹԱՄԺ-ի նախագահ Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը

ԹԱՄԺ-ի նախագահ Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը

Վեջդի Գյոնուլի նշանակման մասին Դավութօղլուն հայտարարել է նախկին պաշտպանության նախարար, ներկայումս արդեն իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Իսմեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ։

Հայտարարությունում Դավութօղլուն մասնավորապես ընդգծել է, որ Վեջդի Գյոնուլն արդեն իսկ երկու ժամկետ անընդմեջ՝ 2002-ից 2011-ը, գլխավորել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, ունի մեծ փորձ և ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնի համար։

Հավելենք, որ Վեջդի Գյոնուլը ծնվել է 1939 -ին, 1970-ական թթ. մտել է ակտիվ քաղաքական կյանք։ Մասնավորապես տարբեր տարիների ընթացքում ղեկավարել է Անկարայի և Իզմիրի նման խոշոր նահանգները։ 1977-ից 1978 թթ. եղել է Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար։ 1999-ից 2002 թթ. անդամակցել է իսլամամետ «Առաքինություն» կուսակցությանը, իսկ վերջինիս փակվելուց հետո մինչ օրս իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության անդամ է։ 2011թ. պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո եղել է երկրի խորհրդարանի պատգամավոր:

Պաշտպանության նախարար աշխատելու տարիներին Գլոնուլն առաջ է տարել Թուրքիայի զինված ուժերում ժամկետային զինծառայողների թվի, ինչպես նաև ծառայության ժամկետի կրճատման ու պրոֆեսիոնալ զինծառայության ներդրման օգտին։ Հատկանշական է նաև, որ Գյոնուլը դեմ է եղել երկրի ԶՈւ գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության միավորմանը՝ գտնելով, որ զինված ուժերի ռազմական ղեկավարությունը պետք է մնա գլխավոր շտաբի պատասխանատվության տակ, իսկ նախարարությունը պետք է շարունակի իրականացնել մատակարարման կազմակերպման և ֆինանսական ապահովման գործառույթները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *