Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հուլիսի վերջին սկսելու են երկրի սպառազինության մեջ եղած Airbus A400M Atlas բեռնատար ինքնաթիռների փորձարկումներ։
Ինքնաթիռներից բացի, շահագործման հնարավորությունները հստակեցնելու նպատակով հուլիսի վերջից մինչև 2018թ-ի մարտ փորձարվելու են նաև երկրի սպառազինոթյան պարաշյուտային և այլ համակարգերը: Այս մասին հուլիսի 2-ին նշել է բրիտանական խորհրդարանի՝ ռազմական գնումների հանձնաժողովի փոխքարտուղարը, հայտնում է բրիտանական Janes ռազմական հանդեսը։
Մեծ Բրիտանիան իր պատվիրած 22 A400M Atlas ինքնաթիռներից մինչև հիմա ստացել է միայն 2-ը, ևս 4-և Իսպանիայի Սևիլիա քաղաքում նախնական փորձարկում են անցել։ Դրանք նախատեսված էր շահագործման հանձնել դեռևս մարտին, բայց ըստ նույն աղբյուրի՝ ժամկետը հետաձգվել է մինչև 2015-ի սեպտեմբեր։ Այս հետաձգումների պատճառը կարող է լինել նաև 2015թ. մայիսին Սևիլիայում Թուրքիայի զինված ուժերի համար նախատեսված նմանատիպ ինքնաթիռի վթարը։
Խնդիրն այն է, որ մայիսի 9-ին թուրքական օդուժի համար նախատեսված A400M բեռնատար ինքնաթիռն Իսպանիայում վթարվել էր փորձարկումների ժամանակ: Վթարի հետևանքով անձնակազմի 4 անդամները զոհվել էին։ Դեպքից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հրամանով դադարեցվել էր երկրի զինված ուժերում եղած 2 միավոր A400M բեռնատար ինքնաթիռների շահագործումը։
Հավանական է, որ այս վթարից հետո են բրիտանական իշխանությունները որոշել կրկին փորձարկել իրենց զինված ուժերի սպառազինության մեջ եղած բեռնատար ինքնաթիռները:
Ավելացնենք, որ A400M Atlas բեռնատար ինքնաթիռը արտադրում է եվրոպական Airbus Military ընկերությունը։ Այն կարող է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 հոգանոց անձնակազմ, ինչպես նաև օդում լիցքավորել այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել մինչև 9300 կմ հեռավորության վրա: