ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ռազմածովային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ սպառազինությունների համալրման պետական ծրագիրը մեծածավալ որևէ կրճատումների չի ենթարկվի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը։
Փոխնախարար Բորիովը հավելել է, որ ներկայումս ՌԴ-ում ընթանում են 2016 թվականի ռազմական բյուջեի պլանավորման և դրանից բխող՝ սպառազինության պետական պատվերների ծավալի նախատեսման աշխատանքները։
Պաշտոնյան խոստովանել է, որ այդ ծրագրերը կազմելուց առաջ, անշուշտ, կլինեն խորհրդակցություններ երկրի ֆինանսների նախարարության հետ, սակայն սպառազինության պետական ծրագրով նախատեսված պատվերների խոշորածավալ կրճատման մտավախություն ներկայումս չկա։
Նշենք, որ Ռուսաստանում սպառաիզնության պետական պատվերի կրճատման հաշվին ֆինանսական խնայողություններ անելու շուրջ խոսակցությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ այդ երկրի տնտեսությունն ու ֆինանսական վիճակը ծանր կացության մեջ հայտնվեցին Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո։ Պաշտոնապես դա արվում է ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնազավթմանը և Ուկրաինայի արևելքում կռվող ապստամբներին սատարելուն ի պատասխան։