ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը քննարկել է զորքերի մարտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ՝ նվիրված 2015-ի հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքներն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա։

Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորեց շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *