Թուրքիայի պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար, «Արդարություն և Զարգացում» կուսակցության Սվազի պատգամավոր Իսմեթ Յըլմազը 4-րդ քվեարկության արդյունքներվ ի վերջո ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Նշենք, որ 4-րդ փուլում 2011-ից Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Իսմեթ Յըլմազի հիմնական ու միակ հակառակորդը Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին նախագահ, ներկայումս վերջինիս ցուցակով Անթալիայից պատգամավոր ընտրված Դենիզ Բայքալն էր, ում հաջողվել է հավաքել 182 ձայն՝ ի տարբերություն Յըլմազի, ում օգտին քվեարկել էին Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) բոլոր 258 պատգամավորները։
Ընդահանուր առմամբ, ԹԱՄԺ-ի նախագահի ընտրություններին մասնակցել էր մեջլիսի 550 պատգամավորներից 547-ը։ Սկզբնական փուլում առաջադրվել էր 4 թեկնածություն։ Վերը նշված թեկնածուներից բացի, Ազգայնական շարժում կուսակցությունն առաջադրել էր Էքմելեդդին Ինսանօղլուի թեկնածությունը, ով, սակայն, երեք փուլ անցնելուց հետո, քվեարկության 4-րդ փուլին մասնակցելու համար անհրաժեշտ 276 ձայնը չի կարողացել ստանալ։
Հատկանշական է, որ Ինսանօղլուն մասնակցել էր 2014-ի նախագահական ընտրություններին և հավաքել մոտ 38 տոկոս քվե։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուն ևս նույն պատճառով չի անցել 4-րդ փուլ։ Վերջին քվեարկության ժամանակ 29 պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 78 ձայն անվավեր է համարվել։
Անդրադառնալով Իսմեթ Յըլմազի ընտրությանը՝ նշենք, որ հաղթելուց ամնիջապես հետո նա հայտարարել է, որ թուրք ազգին սպասում է նոր սահմանադրություն։ Սակայն պետք է նշել, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած սահմանադրական փոփոխությունների իրականացումը հնարավոր է միայն ԹԱՄԺ-ի պատգամավորների մեծամասնության համաձայնության դեպքում, իսկ ԱԶԿ-ն անգամ 50 տոկոսի շեմին չի կարողացել հասնել, և ունակ չէ նույնիսկ առանձին կառավարության կազմել, առանց որևէ կուսակցության հետ կոալիցիա կազմելու։ Իսկ ԹԱՄԺ անցած մյուս երեք կուսակցությունները բազմիցս հստակ արտահայտել են սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու հանգամանքը։