Եգիպտոսի բանակը վերահսկում է Սինայի թերակղզու հյուսիսը

Եգիպտոսի բանակը հարձակվել է Սինայի թերակզու հյուսիսային անցակետերի վրա: Արդյունքում չեզոքացվել է այդ անցակետերը վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Եգիպտոսի խմբավորման 100 զինյալ, մարտերի ժամանակ զոհվել է 17 զինծառայող: Այս մասին հուլիսի 1-ին հայտնում է բրիտանական Reuters  լրատվական գործակալությունը:

Եգիպտոսի ԶՈւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռ

Եգիպտոսի ԶՈւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռ

Ռազմական գործողության ժամանակ կիրառվել են F-16 կործանիչներ և Apache ուղղաթիռներ: Եգիպտոսի բանակի մամուլի խոսնակը հուլիսի 1-ին հայտարարել է, որ իրենք չեն դադարեցնելու ռազմական գործողությունը, քանի դեռ Սինայի թերակղզին ամբողջությամբ չեն մաքրել ահաբեկիչներից՝ հավելելով, որ Հյուսիսային Սինան այժմ  100%-ով իրենց վերահսկողության տակ է:

Նշենք, որ Եգիպտոսի բանակի այս գործողությանը նախորդել էր ԻՊ-ի հայտարարությունը, որով ահաբեկիչները հաստատել էին՝ իրենք են կազմակերպել անցած շաբաթվա ընթացքում Եգիպտոսում 15 ահաբեկչական գործողությունն ու 3 մահապարտ զինյալների հարձակումները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում զոհվել են հարյուրավոր քաղաքացիներ և զինծառայողներ:

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը

Հիշեցնենք, որ 2013-ից Եգիպտոսում փաստացի իշխանությունը զինվորականների ձեռքում է։ 2013-ի հուլիսի սկզբին նրանք գահընկեց են արել 2011-ին՝ Մուբարաքին իշխանությունից հեռացնելուց հետո, իշխանության եկած նախագահ Մուհամմեդ Մուրսիին,  ով «Մուսուլման եղբայներ» խմբավորման դրածոն էր։ Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը, ինչպես նաև ակտիվացել իսլամիստական խմբավորումները: Մուրսին ներկայումս ազատազրկված է, նրան մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու, ոստիկանների ու զինծառայողների սպանելու հրաման տալու համար։ Վերջինիս 2014-ի ապրիլի 21-ին Կահիրեի դատարարանը դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, իսկ մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ դատարանը Մուրսիին դատապարտել է մահապատժի։

Եգիպտոսում այժմ նախագահում է պաշտպանության նախկին նախարար Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին, ով բուռն պայքար է սկսել բոլոր իսլամաական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայների» և «Իսլամական պետության» դեմ:  Հավելենք, որ 2014 թվականից առնվազն 1212 մարդ մահվան է դատապարտվել, այդ թվում նաև՝ «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Բադին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *