Հունիսի 13-ի թբիլիսյան ջրհեղեղից հետո Վրաստանում լայնորեն քննարկվում էր, թե ինչու նույն օրվա փրկարարական աշխատանքների ժամանակ չօգտագործվեցին ուղղաթիռներ, որոնք թույլ կտային զոհերի թիվը կրճատել։
Թեմայի շուրջ դժգոհությունն աճեց, երբ հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելեց Մառնեուլիի ավիաբազա, որտեղ նրան ցուցադրվեց Eurocopter AS332 Super Puma ուղղաթիռը, որը, ենթադրաբար, նախատեսված է որոնողափրկարարական աշխատանքների համար։
Ավելի ուշ՝ հունիսի 23-ին, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ փորձել է արդարանալ՝ նշելով, որ Թբիլիսին բարդ կառուցվածք ունի, և չկա քաղաքի վրա ուղղաթիռների անվտանգ թռիչքն ապահովող ենթակառուցվածք։ «Այդպիսի իրավիճակում ուղղաթիռների օգտագործումը կհանգեցներ անձնակազմի և ուղղաթիռի կորստի», — մասնավորեցրել էր Կապանաձեն։
Վերոնշյալ ուղղաթիռները փրկարարական աշխատանքներում չներգրավվելու վերաբերյալ վրաստանյան «Վեքտորի» լրատվական գործակալությունը պարզաբանում է ստացել ՊՆ անանուն աղբյուրից։
«2010 թվականի օգոստոսին Վրաստանի ՊՆ-ն և Eurocopter ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն ԶՈւ ցամաքային զորքերի տեխնիկական ապահովման անձնակազմի 10 աշխատակից և ավիացիայի 8 օդաչու պիտի վերապատրաստում անցնեին Մարսելի մերձակայքում գտնվող Super Puma ուղղաթիռների համար գործարանում։ Նախատեսվում էր նաև 3 միավոր Super Puma ուղղաթիռի և պահեստամասերի տրամադրում։ Օդաչուների պատրաստման ծրագրում ներառված են եղել շրջանաձև և երթուղով թռիչքներ, չեն եղել որոնողափրկարարական վարժանքներ», — գրում է լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Ֆրանսիայում օդաչուների վերապատրաստումը սկսվել է 2012-ի հոկտեմբերին և ավարտվել 2013-ի գարնանը, ընթացել 2 փուլով։ Օդաչուները 15-ժամյա թռիչքային ծրագիր են անցել, որը ներառել է ոչ բարդ տարածքներում միայն ցերեկային ժամերին թռիչքներ։
Իսկ ինչ վերաբերում է ուղղաթիռի տեխնիկական սպասարկման անձնակազմին, ապա նրանք վերապատրաստվել են 2011-ի աշնանից մինչև 2012թ. վերջ՝ որպես ավիացիոն շարժիչների և էլեկտրական սարքավորումների մասնագետներ։
Ըստ ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգի՝ 2010թ. հունիսի 9-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Փարիզ այցելության ժամանակ Eurocopter ընկերության հետ ստորագրվել էր AS332L1 Super Puma տեսակի 2 միավոր ուղղաթիռ գնելու համաձայնագիր։ Ուղղաթիռները գնվել էին որոնողափրկարարական նպատակների համար, սակայն հետագայում գլխավորապես օգտագործվել են որպես փոխադրամիջոց երկրի ղեկավար կազմի համար։ Վրաստանին ուղղաթիռները տրամադրվել են 2012 թվականին։
«Վեքտորին» մեկնաբանություն է ստացել նաև Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Կուդավայից, ով նշել է. «Երկու նոր Puma կար, որոնց մասին Վրաստանի ներքին գործերի նախարարը նշել էր, որ արդեն 2 տարի առանց գործարկման կանգնած են, և ջրհեղեղի գիշերը դրանք չկարողացան օգտագործել։ 3-րդ ուղղաթիռը՝ «Սկյուռիկը» (Eurocopter AS350 Écureuil (Squirrel)), կլիներ ամենահարմարը, քանի որ ամենափոքրն է, որին մենք տեսել ենք անցած տարի օդանավակայանում վարչապետի թիկունքում կանգնեցրած։ Բոլոր ուղղաթիռներն ունեն գիշերային տեսանելիության սարքեր, փրկարարական հարմարանքներ, պարաններ, զամբյուղներ և անհրաժեշտ այլ պարագաներ։ Սրանք կարող էին օգտագործվել, եթե համապատասխան վերապատրաստում անցած օդաչուներ լինեին։ Սակայն, իմ տվյալներով, Ֆրանսիայում օդաչուներին չեն թողել վերապատրաստման։ Այսինքն՝ ոչ մի ուղղաթիռ չօգտագործվեց ջրհեղեղի ժամանակ», — մասնավորեցրել է նախկին դեսպանը։
ՊՆ-ի մեկնաբանության մասին էլ Մամուկա Կուդավան նշել է, որ դա դատարկախոսություն է, քանի որ պայմանագրում նշված չէր լինելու, որ հունիսի 13-ին ջրհեղեղի ժամանակ մարդկանց փրկելու համար ուղղաթիռ պետք է օգտագործեին։
Նշենք, որ 2013 թվականին, Բիձինա Իվանիշվիլիի վարչապետ լինելու ժամանակ, Վրաստանի ՊՆ-ն բանակցություններ է վարել ուղղաթիռները վաճառելու համար, սակայն, դրանք այդպես էլ չեն վաճառվել։ Այս կապակցությամբ հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 22-ին նախարար Խիդաշելին հայտնել էր, որ հնարավոր է ուղղաթիռները չվաճառեն և վերափոխեն ռազմական կարիքների համար, հնարավոր է և ուղղակի վաճառեն։