Որոշ երկրներ օգտագործում են ահաբեկչական խմբերն իրենց քաղաքական շահի համար. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմիլոտովը ԵԱՀԿ գագաթնաժողովի մեկօրյա նիստի բացման ելույթի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում, կռվում է ՌԴ 2200 քաղաքացի, իսկ ահաբեկիչներին միացած եվրոպացիների թիվը գերազանցում է 10000-ը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

Սիրոմոլոտովն իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ չի վերահսկվում ահաբեկիչների վերադարձը, և վերջիններս, Սիրիայում ծավալած պայքարից հետո վերադառնալով, կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել նաև այն երկրների համար, ուր վերադառնում են։

«Ահաբեկչության դեմն առնելու համար անհրաժեշտ է գտնել դրա աճի պատճառները: Իսկ այդ պատճառներից մեկն այն է, որ որոշ պետություններ, ելնելով քաղաքական շահերից, արմատական խմբավորումներին օգտագործում են որպես գործիք՝ իրենց համար ոչ ձեռնտու ռեժիմ ունեցող պետություններում անկայունություն ստեղծելու և դրա միջոցով այդ պետությունների ներքին գործերին խառնվելու համար»,-հավելել է փոխարտգործնախարարը՝ որպես անկույունության օջախի օրինակ նշելով Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան:

Նշենք, որ մեծ է նաև Հարավային Կովկասից, մասնավորապես՝ Վրաստանից և Ադրբեջանից ԻՊ-ին միացողների թիվը: Այս երկրները խնդիր ունեն ոչ միայն վերահսկելու իրենց քաղաքացիներին և կանխելու վերջիններիս միացումը ահաբեկչական խմբավորումներին, այլև որպես տարանցիկ ուղի՝ պարտավորություն ունեն վերահսկել Ռուսաստանից և Միջին Արևելքի իսլամական պետություններից ներթափանցող և Մերձավոր Արևելք անցնել ցանկացող ծայրահեղականների տեղաշարժը:

Հավելենք, որ սիրիական հակամարտության ընթացքում հայտնի է դարձել արդեն մահացած 13 վրաստանցու մասին, որոնցից 12-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։

Սիրիայում կռվող ամենահայտնի վրաստանցին (նույնպես Պանկիսիի կիրճից) Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է)։ Բատիրաշվիլին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։ Դեռ 2014-ին ԱՄՆ-ն Բատիրաշվիլուն ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում, իսկ նրա մասին տեղեկության դիմաց պատրաստ է վճարել 5 մլն ԱՄՆ դոլար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԻՊ շարքերում կռվող ադրբեջանցիների մասին աղբյուրները հավաստի չեն, սակայն նպաստում են ադրբեջանցիների՝ իսլամիստական խմբավորումներին անդամակցելու թեմայի ընդհանուր պատկեր կազմելուն: Օրինակ, 2014-ի հոկտեմբերին համացանցում տեսագրություն էր տարածվել, որտեղ, ադրբեջանական մամուլի հավաստիացմամբ, ներկայացված էին Թուրքիային սահմանակից Սիրիայի Հալեպի շրջանի Քոբանի քաղաքի վրա հարձակվող ԻՊ-ի զինյալների, որոնց թվում կան նաև ադրբեջանցիներ:

Բացի այդ, շուրջ մի քանի տասյակ մարդու նկատմամբ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հարուցել է քրեական գործեր՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվելու կամ դրանց անդամակցել փորձելու կապակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *