Հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը» վավերացնող օրենք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի կայքից։

Հվ Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրելիս
Հունիսի 19-ին օրենքը հաստատվել էր նաև ՌԴ Պետդումայում, իսկ ապրիլի 3-ին այն վավերացրել էր նաև Հարավային Օսիայի խորհրդարանը։
Նշենք, որ այս երկու երկրների նախագահները դեռևս 2015թ. մարտի 18-ին Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը` 25 տարի ժամկետով:
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել երկու երկրների անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ, պետական սահմանի անարգել անցում, մաքսային կառույցների ինտեգրում, ներքին գործերի կառույցների լայն համագործակցություն, հարավօսիացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու արագացված գործընթաց, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, Հարավային Օսիայի քաղաքացիների համար բժշկական ապահովագրության ապահովում և այլն։
«ՌԴ-ն ապահովում է Հարավային Օսիայի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ներառյալ պետական սահմանի պաշտպանությունը։ Այդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների առանձին ստորաբաժանումներ մտնելու են ՌԴ ԶՈւ և անվտանգության մարմինների կազմի մեջ»,—նշված է համաձայնագրում։
Փաստաթղթում շեշտվում է նաև, որ եթե համաձայնագրի կողմերից մեկը ագրեսիայի է ենթարկվում երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից, ապա դա դիտվում է հարձակում նաև մյուս կողմի վրա։
Հունիսի 19-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, թե սա «Կրեմլի հերթական քայլն է ուղղված անեքսիային»։
Նույատիպ հայտարարության հունիսի 2-ին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ արել էր նաև ԱԳՆ մամուլի քարտուղար Դավիդ Կերեսելիձեն՝ հավելելով, որ Հարավային Օսիան Վրաստանի անբաժան մասն է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի ստորագրումից հետո հատուկ հայտարարություն էր արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում ՌԴ-ի և Հարավային Օսիայի կնքած համաձայնագիրը՝ համարելով, որ այն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։