ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ամառային զորակոչը

Այսօր՝ հուլիսի 1-ին,  Հայաստանի զինված ուժերում մեկնարկում է ամառային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն այս զորակոչի առաջին նորակոչիկները, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Մայրը հաջողություն է մաղթում իր զինվորին

Մայրը հաջողություն է մաղթում իր զինվորին
Նկարը՝ 2013 թվականի ձմեռային զորակոչից

Արդեն մի քանի զորակոչ պաշտպանության նախարարությունը փորձում էր ապահովել զորակոչիկների առնվազն մեկ ամիս շուտ պատվաստվելու գործընթացը, սակայն այն գործարկվեց միայն այս զորակոչի ժամանակ։ Ռազմինֆոյի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունը կարողացել է ապահովել նորակոչիկներին մեկ ամիս շուտ պատվաստելու ընթացքը, ինչի շնորհիվ այսօր Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները չեն պատվաստվելու և անցնելու են միայն վիճակահանության փուլով։

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականից զորակոչն անցկացվում է վիճակահանության սկզբունքով։ Սա հնարավորություն է տալիս ավելի թափանցիկ դարձնել նորակոչիկների զինծառայության վայրի ընտրության կարգը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի հրամանով  պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանում և տարածքային զինկոմիսարիատներում հուլիսի 1-ին կազմակերպվելու են հանդիսավոր միտինգներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *